Վրաստանում երկրորդ ամիսն անընդմեջ էլեկտրաէներգիայի արտահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Փոխանցում է BusinessPressNews-ը:
Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Վրաստանից արտահանվել է ռեկորդային ծավալի՝ 352,2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը գրեթե 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից:
Նախորդ ամսին հիմնական արտահանողները Ադրբեջանն ու Հայաստանն են եղել. Ադրբեջանը Վրաստանից գնել է 296,6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանը՝ 54,6 մլն կՎտ/ժամ։
Տեղեկության համաձայն՝ արտահանման աճը մեծապես կապված է էլեկտրակայանների արտադրանքի ավելացման հետ։ 2022 թվականի հունիսին էլեկտրակայանների ընդհանուր արտադրությունը կազմել է 1,48 միլիարդ կՎտ/ժ, ինչը 12,2 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Սա ռեկորդային ցուցանիշ է. Վրաստանը մեկ ամսում երբևէ այդքան էլեկտրաէներգիա չի արտադրել։
Ի դեպ, արտադրության աճը երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի՝ Էնգուրի ՀԷԿ-ի վերականգնմանը զուգընթաց, պայմանավորված է ամառային սեզոնին ջրի առատությամբ։ Վրաստանի արտադրանքի ավելի քան 99 տոկոսը ստացվում է հիդրոէներգիայից, իսկ մնացած մասը բաժին է ընկնում ջերմային կայաններին և Քարթլիի հողմային էլեկտրակայանին: Սա է հիմնական պատճառը, որ ամառային սեզոնին Վրաստանը կարողանում է էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենալ և վաճառել:
Հատկանշական է նաև, որ այս տարվա հունիսին Վրաստանում սպառումը նվազել է և կազմել 1,13 մլրդ կՎտ/ժ, ինչը 14,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, իսկ ներմուծման առումով` անցած ամիս Վրաստանը էլեկտրաէներգիա գնելու կարիք չի ունեցել։