Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանը չի սկսել և չի սկսի խոսել չեզոքության մասին, քանի որ երկիրը մեծ էներգիա և մարդկային կյանք է ներդրել միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար։
Վոլսկիի խոսքով՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցելը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը, պետք է լուծվեն գործընկերների հետ միասին։
«Չեզոքության հարցը բավականին բարդ է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Ուկրաինայում, ինչպիսի դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ն և հենց Ուկրաինան։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իհարկե, մենք մեծ հույսեր ունենք, որ այս ճանապարհն անվտանգ կլինի մեր երկրի համար, և մեր գործընկերները հնարավորություն կունենան ապահովելու մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Վոլսկին։
Ըստ Վոլսկիի՝ «ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է ժամանակ պահանջել, սակայն երկիրը չպետք է փոխի իր դիրքորոշումը միջազգային մակարդակներում»։