Վրաստանը չի մասնակցի Դավոսի և Մյունխենի անվտանգության համաժողովներին

Վրաստանը 2025 թվականին չի մասնակցի ո՛չ Դավոսի տնտեսական ֆորումին, ո՛չ Մյունխենի անվտանգության համաժողովին։ Տեղեկությունը Radiotavisupleba լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հաստատել են «Վրացական երազանք»-ի կառավարության վարչակազմից։

Վարչակազմից, սակայն, չեն հայտնել՝ հրավիրվա՞ծ են միջոցառումներին, թե՞ ոչ։

Դավոսի տնտեսական համաժողովը տեղի կունենա հունվարի 20-24-ը Շվեյցարիայում, որին կմասնակցեն 60 պետությունների ղեկավարներ և 130 երկրներ։

Մասնակիցների թվում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը (հեռավար), նաև` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Մյունխենի անվտանգության համաժողովը նախատեսված է այս տարվա փետրվարի 14-16-ը։

Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի խոսքով, 2025 թվականի Մյունխենի համաժողովը կլինի առաջինը, որին չեն մասնակցի Վրաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։