Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այսպես կոչված «3+3» ձևաչափի հանդիպմանը Վրաստանը ներկայացված չի լինի:
Ըստ Վրաստանի արտգործնախարարության՝ Թբիլիսին չի դիտարկում այս ձևաչափին մասնակցելու հարցը։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ վերջերս խորհրդարանական լսումների ժամանակ այդ հարցի շուրջ խոսել է արտգործնախարարը: Մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցելը և հետևաբար, դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը Վրաստանը ներկայացված չի լինի»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխան գրությունում, որը տարածում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Նշենք՝ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսված է վաղը՝ Մոսկվայում։ Տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն, այդ մասին խոսել է նաև ՀՀ վարչապետը: Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Վրաստանը մասնակիցների ցանկում չկա: