Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիվշիլին Վրաստանի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում խոսել է երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Զուրաբիշվիլին ընդգծել է՝ Վրաստանն անցյալ տանել հնարավոր չէ:
Ըստ նախագահի՝ Վրաստանի ճակատագիրը վրաց ժողովրդի ձեռքերում է, և վրաց ժողովուրդը պետք է լուծում գտնի: Զուրաբիշվիլիի խոսքով, ստեղծված իրավիճակի լուծումը կա, այն Վրաստանի եվրոպական ճանապարհը փրկելու մեջ է, և դա է լուծման հիմնաքարը:
«Ոչ ոք չի կարող այսօրվա Վրաստանին ստիպել նորից ապրել այլոց համոզմունքներով, դոգմաներով ու կապանքներով: Այդ իսկ պատճառով ես խորապես հավատում եմ՝ ոչ ոք երբեք չի կարող Վրաստանը վերադարձնել անցյալ»,- ասել է նախագահը:
Զուրաբիշվիլիի խոսքով, Եվրամիությունն իր էությամբ և գաղափարով ստեղծվել է խաղաղության համար: Ըստ նրա՝ 33 տարի առաջ, երբ վրաց ժողովուրդը բռնեց անկախության ուղին, Վրաստանին միշտ աջակցում էին եվրոպացի և ամերիկացի ընկերները, ովքեր աջակցում էին վրացական պետության կառուցմանը և զարգացմանը։
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։
1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» կուսակցությունը։
1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց: Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։
1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի հիման վրա Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Նույն թվականի մայիսի 26-ին Վրաստանն ընտրեց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։