Վրաստանը բացում է ցամաքային սահմանները: Այս մասին որոշում է կայացել Վրաստանի կառավարության գլխավորած` կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը: Որոշման մասին կառավարության ներկայացուցիչները խոսեցին նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
Վրաստանի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի մեկից:
Որոշման նպատակը երկրում տուրիզմի խթանումն է:
Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:
2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը: