Վրաստանն այսօր, մարտի 3-ին պաշտոնական նամակով կդիմի Եվրամիությանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը ԵՄ կառույցներին կոչ է անում արտակարգ ռեժիմով քննարկել դիմումը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
«Ընդդիմությունը, որը հեգնանքով գնահատեց մեր ծրագիրը՝ 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու և ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին, այսօր արհեստական աժիոտաժ է ստեղծել այս հարցի շուրջ» — նշել է Կոբախիձեն և շարունակել․ «Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ և՛ պատժամիջոցների սահմանումը, և՛ Վրաստանի ներգրավումը ցանկացած տեսակի ռազմական հակամարտությունում՝ վատթարագույն հետևանքներ կունենան մեր երկրի և Վրաստանի ժողովրդի համար»։
Կոբախիձեն նշել է, որ վարչապետ Ղարիբաշվիլին Վրաստանի անունից կդիմի ԵՄ-ին, և նրանց երազանքն ու քաղաքական նպատակն է, որ Վրաստանը դառնա տնտեսապես ուժեղ և ապահով եվրոպական երկիր, ընդգծելով, որ կառավարության յուրաքանչյուր քայլ, այդ թվում՝ այսօրվա որոշումը, ծառայում է այս նպատակին։