
«Մեր երկրի առաջնահերթություններին հասնելու համար անհրաժեշտ է միասնական պայքար տանել» — այս խոսքերով է պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել վրացական սփյուռքի ներկայացուցիչներին և ուսանողներին:
Նախագահի խոսքերով, սփյուռքը Վրաստանի առաջընթացի և զարգացման համար պայքարող կարևոր ուժ է: Նրա խոսքով առաջիկա տարիները պետք է օգտագործել այնպես, որպեսզի Վրաստանը հասնի Եվրամիության լիիրավ անդամակցությանը:
«Մեր առաջադրանքը այսօր Եվրամիության տարբեր հատվածներում և ծրագրերում գործնական անդամագրումն է: Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի ունենանք շոշափելի արդյունք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ Վրաստանը Արևելյան գործընկերության 10 տարվա ընթացքում մշտական առաջընթաց է գրանցել, ինչը պահպանելու համար անհրաժեշտ է չկորցնել այն զգացումը, որ երկիրը առաջ է գնում: