Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հանդիպել է 4 երկրներում Վրաստանի նորանշանակ դեսպաններին։ Վրաստանը նոր դեսպաններ ունի Չինաստանում, Իսրայելում, Հորդանանում և Քուվեյթում։
Պաատա Կալանդաձեն նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Կալանդաձեն մինչ այդ արտաքին գործերի նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ղազախստանում ու Ղրղզստանում և Իսրայելում։ Մինչ Չինաստանում դեսպան նշանակվելը Կալանդաձեն Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպանն էր։
Իսրայելում Վրաստանի դեսպանի պաշտոնում Լաշա Ժվանիային կփոխարինի Զազա Կանդելակին։ Վրաստանի կառավարության տվյալներով՝ Կանդելակին պետական ծառայության երկարամյա փորձ ունի։ Տարբեր ժամանակներում աշխատել է Գիտությունների ակադեմիայում, Թբիլիսիի պետական թանգարանում, եղել է Վրաստանի 4-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, աշխատել է արտաքին գործերի նախարարության տարբեր պաշտոններում։
Արչիլ Ձուլիաշվիլին նշանակվել է Հորդանանի, Լիբիայի և Իրաքի նոր դեսպան։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Հնդկաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը։
Նոշրևան Լոմթաթիձեն նշանակվել է Քուվեյթում Վրաստանի դեսպան։ 2021 թվականի հունիսից մինչ այժմ նա աշխատում էր որպես Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական կապերի դեպարտամենտի տնօրեն։