Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը ևս Վրաստանը չի մասնակցի։
Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է, նա այս անգամ էլ չի մասնակցի հանդիպմանը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Վրացական «Ազատություն» ռադիոկայանը հղվելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, փոոխանցում է, որ հանդիպմանը կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք՝ Թբիլիսին, որ ևս ներառված է այս ձևաչափում, հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի մասնակցելու այդ ձևաչափին: Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ չի պատրաստվում մասնակցել այդ նախաձեռնությանը։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին, որին նույնպես պաշտոնական Թբիլիսին չի մասնակցել: Հանդիպմանը, սակայն, ներկայացվել է նաև Վրաստանի դրոշը, ինչի դեմ Թբիլիսին բողոքել է։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: