Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը կողմ է հարցվածների 79 տոկոսը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցությանը կողմ է հարցվածների 67 տոկոսը: Սրա մասին են վկայում ԱՄՆ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի (CRRC Georgia) հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Ըստ նույն հարցման արդյունքների՝ վերջին մեկ տարվա ընթացքում այն մարդկանց թիվը, որոնք ճանաչում են Եվրամիությունը որպես Վրաստանի հիմնական տնտեսական և քաղաքական գործընկեր, զգալիորեն աճել է: ԵՄ-ին աջակցությունն ամենաբարձրն է քաղաքային բնակիչների և երիտասարդների շրջանում, իսկ ամենացածրն էթնիկ փոքրամասնությունների համայնքներում է:
Հարցին՝ ընդունելի՞ է Վրաստանի կառավարության հայտարարած նպատակը, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
- ընդունելի է՝ 79 տոկոս,
- անընդունելի է` 11 տոկոս,
- չգիտեմ՝ 9 տոկոս։
Չնայած աննշան անկմանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակիցների ցուցանիշը բարձր է մնում: ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակցությունն ամենաշատը նվազել է երիտասարդների և ընդդիմության կողմնակիցների շրջանում: Արդյունքները բաժանված են հետևյալ կերպ.
- ընդունելի է՝ 67 տոկոս,
- անընդունելի է` 18 տոկոս,
- չգիտեմ՝ 14 տոկոս։
Նշենք, որ 2023 թվականի մարտի հարցման համաձայն, ՆԱՏՕ-ին անդամակցելու աջակիցների ցուցանիշը կազմում էր 73 տոկոս: