Բրյուսելում տեղի է ունեցել Վրաստան-Եվրամիություն ասոցացման հարցով խորհրդի 5-րդ նիստը, որից հետո Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը համատեղ մամուլի ասուլիս են ունեցել:
Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Վրաստանի կառավարության կողմից ներկայացված ԵՄ ինտեգրման ճանապարհային քարտեզը շատ կարևոր է, քանի որ դրա հիմնական շեշտադրումն ասոցացման համաձայնագրի իրագործումն է:
Յոհանես Հանի խոսքերով էլ, ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրային տարածքը թույլ է տալիս, որ կարճ ժամանակաշրջաններում տնտեսական զարգացումն ու լավ կենսապայմանները լինեն զգալի:
«Ինձ հայտնել են, որ վիզայի ազատականացումից հետո մեր տարածք մուտք է գործել 600 հազարից ավելի Վրաստանի քաղաքացի և նրանցից մի քանի հազարը հայտարարել են, թե ապաստան են ուզում Եվրամիության տարածքում: Սակայն, տեղական ԶԼՄ-ներին էլ եմ ուզում խնդրել, որ հասարակությանը տեղեկացնեն՝ վրացին (Վրաստանի քաղաքացին) ապաստան չի ստանա, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է», — ասել է Յոհանես Հանը: