Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Լոնդոնում հանդիպումներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոսեֆ Բորելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպումները կայացել են Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում, լրագրողներին այդ մասին տեղեկացրել է Կոբախիձեն։
Վարչապետն առաջին անգամ է հանդիպում եվրոպացի առաջնորդների հետ Եվրամիության կողմից Վրաստանի պաշտպանության համար նախատեսված (30 միլիոն եվրո) օգնությունը դադարեցնելուց և Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելուց հետո։
Լոնդոնում լրատվամիջոցների հետ զրույցում Կոբախիձեն վստահեցրել է, որ տարածաշրջանում իրավիճակի հանդարտվելուն պես Վրաստանի հանդեպ վերաբերմունքը կփոխվի:
«Մենք անդրադարձել ենք Վրաստանի և Եվրամիություն հարաբերություններին, նաև ընթացիկ օրակարգային հարցերին։ Մեր ուղերձները կիսեցինք բոլոր առաջնորդների հետ։ Ընդհանուր առմամբ տպավորություն է, որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը կհանգեցնի Վրաստանի նկատմամբ վերաբերմունքի բարելավման»,- նշել է վարչապետը։
Նշենք, որ Վրաստանում «Գործակալների մասին» օրենքն ընդունելուց հետո Եվրանդամակցության բանակցությունները կասեցվել են, իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ։