«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:
Տեղական ինքնակառավարման ընտրությունները՝ նոր օրենսգրքով
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ կես տարվա ներքաղաքական ճգնաժամն ավարտվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից մշակված համաձայնագրով, որը նախատեսում էր մի շարք ուղղություններով բարեփոխումների անցկացում: Նման ուղղություններից մեկն ընտրական օրենսգիրքն էր:Ի կատարումն ստանձնած պարտավորության, հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը՝ 86 կողմ եւ 2 դեմ ձայներով հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ընդ որում, «Միացյալ ազգային շարժում» ու «Լելո» կուսակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը: Հաստատված փոփոխություններով, ընթացիկ տարվա աշնանը անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծամասնական անդամների ընտրության համար կսահմանվի 40 տոկոսանոց շեմ եւ ի տարբերություն գործող օրենքի, 2021-ին ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի համամասնական կլինեն: Ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսի, Քութայիսի, Ռուսթավի, Փոթի եւ Բաթումի, սակրեբուլոյի անդամների հարաբերակցությունը կլինի 1 մեծամասնական, 4 համամասնական, իսկ մյուս մունիցիպալիտետներում հարաբերակցությունը կլինի 1/2: Ընտրական հանձնաժողովը համալրվելու է 8+9 համամասնության սկզբունքով: ԿԸՀ նախագահն ընտրվելու է նոր կանոնների համաձայն: Ընտրական վարչակազմի բոլոր երեք մակարդակները կհամալրվեն 7 մասնագիտական եւ 9-ը կուսակցության կողմից նշանակված անդամներով: Բացի այդ, ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում կլինի ընդդիմադիր ներկայացուցիչ: Նոր օրենքով նախատեսվում է նախընտրական քարոզչությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակում, վարչական ռեսուրսների օգտագործումն արգելող նոր կանոն: Կօգտագործվեն էլեկտրոնային տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ ամբողջ երկրի տարածքով բացված տեղամասերի 10 տոկոսը պատահականության սկզբունքով կվերահաշվարկվի: Հարկ է նշել, որ 2021 թվականի հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները Վրաստանի համար սովորական ընտրություններ չեն լինելու, քանի որ, ըստ վերոնշյալ «Միշելի փաստաթղթի», եթե իշխող կուսակցությունը չկարողանա ընտրություններին 43 տոկոսից ավելի աջակցություն ստանալ, 2022 թվականին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն:
Բենիկ Աբրահամյան. Կանեմ առավելագույնը Տոկիոյում Վրաստանը հավուր պատշաճի ներկայացնելու համար»
Օրերս Տոկիոյում մեկնարկող Օլիմպիական խաղերին մասնակից Վրաստանի Օլիմպիական 35 մարզիկ-մարզուհիներից կազմված հավաքականի կազմում է նաեւ Վրաստանի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, Համահայկական խաղերի մասնակից, Համահայկական վերջին չորս խաղերի հաղթող ու այդ խաղերում գնդի հրման (թեթեւատլետիկա¤ մարզաձեւի ռեկորդակիր, թբիլիսցի Բենիկ Աբրահամյանը։
Մինչ Տոկիո մեկնելը, Բենիկը սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ եւ պատասխանել մեր հարցերին։ Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր ընթերցողին՝ քանի՞ տարեկան ես, ովքե՞ր են քո ծնողները։
-36 տարեկան կդառնամ հուլիսի 31- ին արդեն հավաքականի կազմում, Տոկիոյում, որտեղ մենք՝ թեթեւատլետներս, կլինենք հուլիսի 26-ից։ Ցավոք, հակահամավարակային միջոցառումների պատճառով, օլիմպիական խաղերի բացմանը չենք մասնակցի։ Ծնվել եմ Թբիլիսիում, Էդուարդ եւ Գայանե Աբրահամյանների ընտանիքում։ Հայրս 63 տարեկան է, այսօր քաղաքական ավիացիայի օդաչու, ով ժամանակին վա րել է ՏՈՒ-134 եւ ՏՈՒ-154 ինքնաթիռներ։ Ավարտելով ուկրաինական Կրեմենչուկ քաղաքի ուսումնարանը՝ նա հեռավոր 70-ական թվականներին իր օդային թռիչքային պրակտիկան սկսել է վարել այն ժամանակ լեգենդար ԱՆ-2 եւ ԱՆ-26 ինքնաթիռներով։ Մայրս 7 տարով փոքր է հայրիկիցս։ Ամուսնանալով հայրիկիս հետ՝ իրեն լրիվությամբ նվիրաբերել է ընտանիքին, մեծացրել եւ դաստիրակել է Էվելինա դստերը եւ երկու որդիներին՝ ինձ ու Էրիկին։ Ինչպես նկատեցիք, ես ընտանիքի միջնեկն եմ։ Ցավոք, մինչ օրս չեմ ամուսնացել, անձնական կյանքի համար ժամանակը չի բավարարում։ Ասում են՝ այսպիսին է պրոֆեսիոնալ մարզիկի ճակատագիրը՝ մարզումներ, մրցումներ… վնասվածքներ։
— Ինչպե՞ս մուտք գործեցիր մեծ սպորտ։ —
Սովորականի նման, միշտ զբաղվել եմ սպորտով։ Դեռեւս դպրոցից զբաղվում էի լողով, սակայն, դա միայն ծնողներիս ցանկությամբ։ Հաճախել եմ մայրաքաղաքի Քութայիսիի փողոցի վրա, Ծերեթելու պողոտայի հարեւանությամբ գտնվող 19-րդ ռուսական հանրակրթական միջնակարգ դպրոցը, որտեղ այժմ գործում է վրացական դպրոց։ Հաճույքով էի սովորում։ Իմ կարգապահության հարցով ծնողներս դպրոց երբեք չեն կանչվել, թեեւ մեծացել եմ իմ ժամանակի չափանիշներին համապատասխան։ Առարկաներից ամենից շատ սիրել եմ ֆիզկուլտուրան ու մաթեմատիկան՝ նախապատվություն տալով ուսուցիչներից ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն՝ Սվետլանա Ձիձիգուրիին, որին շատ սիրում ու հարգում էի։ Դպրոցում տարվեցի ֆուտբոլով, ապա՝ բասկետբոլով։ Ի վերջո, կանգ առա թեթեւ ատլետիկայի վրա։ Իմ ավագ եղբորը՝ իր տարիքի համար բարձրահասակ եւ լայնաթիկունք պատանուն նկատեց գնդի հրման մարզիչ Վասիլի Շմակովը։ Եղբորս՝ Էրիկի շնորհիվ էլ թեթեւատլետիկայով տարվեցի նաեւ ես։ Այսպես էլ սկսվեց իմ ուղին մեծ սպորտում։
— Հիշո՞ւմ ես քո մարզական առաջին հաջողությունը։ —
Իհարկե։ 1998 թվականի ձմռանը 13 տարեկանների շրջանում զբաղեցրի երրորդ տեղը Վրաստանի պատանիների առաջնությունում։ Անչափ ուրախացել էի, երջանկությունից թռչկոտում էի։ Մեծահասակների թվում առաջին հաջողությանը հասա 5 տարվա մարզումներից հետո՝ 2003 թվականին, Արտաշատում, Համահայկական երրորդ խաղերում։ Այն ժամանակ ես գրավեցի երկրորդ տեղը՝ 14 մետրից մի փոքր ավելի արդյունքով՝ Երեւանում մի քանի սմ-ով զիջելով մրցակցին։ Ավելացնեմ, որ Համահայկական հաջորդ խաղերին՝ 2007, 2011, 2015 եւ 2019 թվականներին զբաղեցրել եմ միայն առաջին տեղը։ Այդ խաղերի ռեկորդային արդյունքը՝ 19,26 մետրը, պատկանում է ինձ։
— Ինչպե՞ս է ընթանում քո մարզական կարիերան։ Դու մինչ օրս Վրաստանի ռեկորդակիր ես այդ մարզաձեւում։ —
Այո’, ես ռեկորդակիր եմ եւ բազմակի չեմպիոն։ Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել եմ մի շարք Եվրոպական եւ միջազգային մրցումների։ Վերջին տարիներին հանրապետական եւ միջազգային, այդ թվում՝ որակավորման տարբեր մրցումներին հաջող ելույթների համար արժանացա Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական ամառային խաղերում Վրաստանի մարզական պատիվը պաշտպանելու պատվին։ Ցավոք, արդեն խաղերի ժամանակ նախնական որակավորման փուլում, դեռեւս ուսի վնասվածքից լրիվությամբ չապաքինված, 18,72 մետր արդյունքով չկարողացա նվաճել մրցումների եզրափակչին մասնակցելու իրավունքը։ Ռիոյի օլիմպիադայից հետո, թեեւ արդեն լրացել էր 30 տարիս, շարունակեցի մնալ որպես գործող մարզիկ եւ շարունակեցի մասնակցությունը թեթեւատլետիկայի տարբեր մրցաշարերում։ 2020 թվականի փետրվարին, Թբիլիսիում անցկացված մրցումներին սահմանեցի փակ խաղադաշտում իմ անձնական ռեկորդը՝ 19,09 մետր։ Իսկ իմ մարզական կարիերայի ընթացքում լավագույն արդյունքը 20,54 մետրն է եղել, որը սահմանել էի Ռիոյի խաղերից առաջ, 2016 թվականի մայիսի 24-ին, Ալմաթի քաղաքում անցկացված Ղազախստանի բաց գավաթի մրցաշարում։
— Ի՞նչ արդյունք ես նախատեսում Տոկիոյում։
— Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Սպորտը սպորտ է, արդյունքը շատ հանգամանքներով է պայմանավորված։ Միայն կարող եմ ասել, որ կանեմ առավելագույնը այս մարզաձեւում իմ Վրաստանը հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Գնդի հրման մարզաձեւում ինձ հետ միասին ելույթ կունենան նաեւ հավաքականի իմ երիտասարդ բարեկամներ Գիորգի Մուջարիձեն եւ Սոփիկո Շատիրաշվիլին։
Նինոծմինդայում և Օլավերդում սկսեցին գործել «Արմաթ» լաբորատորիաները
Սամցխե-Ջավախեթիի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնում, բարերարությամբ Արմեն եւ Թաթուլ Ղարսլյանների եւ «Ջավախքին աջակցության հիմնադրամի» (ՋԱՀ¤ աջակցությամբ, տեղի ունեցավ «Արմաթ» լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը օրհնության խոսքով բացեց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակը, որից հետո թեմակալ առաջնորդը կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանին հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը: ՋԱՀ-ի կողմից շնորհակալագրերի արժանացան Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Արմաշ քահանա Պողոսյանը, Արմեն եւ Թաթուլ Ղարսլյանները: Նույնանուն ինժեներական լաբորատորիա հուլիսի 13-ին բացվեց նաեւ Ախալքալաքիի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում, Գրիգոր Տաշչյանի հովանավորությամբ։ Բացման արարողությանը ներկա էին Ախալքալաքիի մունիցիպալիտետի ղեկավարներ, հոգեւորականներ, հյուրեր՝ Թբիլիսիից եւ Երեւանից
Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ «Վրաստան» թերթի հուլիսի 3-ի համարում
448