«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։

ՄԵՐ ԱԽԱԼՑԻԽԵՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՆՃԻԿՅԱՆԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ախալցիխեում ծնված ու մեծացած եւ Հայաստանում հայտնի վաստակաշատ պատմաբան, հայտնի արեւելագետ Հովհաննես Ինճիկյանը (1913-1990¤ խորհրդային բանադրանքի ժամանակներում չէր երկնչում բարձրաձայնել Հայոց Մեծ Եղեռնի սոսկումների, Օսմանյան ոճրագործ կայսրության հայաջինջ քաղաքականության ու դրա հետեւանքների մասին։ Ավելին, ջանք չէր խնայում հայության արդարացի պահանջն ու բողոքի ձայնը հասցնելու թուրքասեր կարմիր կենտրոններին, կրեմլյան անգլուխ ու ծախված պարագլուխներին:

Հովհաննեսը նախնական կրթությունն ստացել էր ծննդավայր Ախալցիխեի դպրոցում, ապա՝ ուսանել Թիֆլիսի մանկավարժական տեխնիկումում։ Այն ավարտելուց հետո վերադարձել էր հարազատ ոստան եւ որպես ուսուցիչ աշխատել Ախալցիխեի շրջանի հայաբնակ գյուղերում: Այնուհետեւ Ինճիկյանը մեկնում է Մոսկվա, բուհական լիարժեք կրթություն ստանում մայրաքաղաքի պատմության, փիլիսոփայության եւ գրականության ինստիտուտում եւ, ավարտելով այն, աշխատանքի անցնում Մոսկվայի կարմիր առաջնորդի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում՝ որպես դասախոս: 1941-ին զինվորագրվում է եւ մասնակցում Մոսկվայի պաշտպանությանը: 1942-ին 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատարությունը նրան նշանակում է 390-րդ հրաձգային գնդի ռազմական կոմիսար: Երկրորդ աշխարհամարտից հետո, Հովհաննես Ինճիկյանը հաստատվում է Մայր հայրենիքում, զբաղեցնում ամենատարբեր պատասխանատու պաշտոններ՝ ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ արեւելագիտության բաժանմունքի ղե- կավար, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն: Սակայն, այդ բոլոր տարիներին նրա տարերքը գիտությունն էր լինելու: Լինելով ստեղծագործական խառնվածքի տեր մարդ՝ սկսում է կուսակցական-վարչական աշխատանքը զու- գորդել գիտահետազոտական պրպտումների հետ՝ հանրապետական եւ միութենական գիտական հանդեսներում տպագ- րելով մի շարք ուշագրավ հոդվածներ: 1954-ին պաշտպանում է ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Հայրենիքում Հովհաննես Ինճիկյանը հայտնի էր դեռ շատ ավելի վաղ՝ որպես մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպան: Քառասուն տարեկանում, լինելով Հայաստանի քաղաքա- կան էլիտայի մաս, նա համարձակություն է ցուցաբերել պաշտպանելու Խորհրդա- յին Հայաստանի ղեկավար Գրիգորի Հա- րությունովին, ում ստալինյան բռնությունների տարիներին որոշել էին հեռացնել աշխատանքից ու պատժել: Երբ հատուկ հրավիրված նիստի մասնակիցների մոսկվահպատակ մեծամասնությունը մեղադրում էր հանրապետության առաջին դեմքին, Ինճիկյանը քաջություն է ունենում առաջարկելու գնահատել նրա նվաճումները եւ նոր աշխատանքի նշանակել: Արդյունքում՝ այն ժամանակների համար նա- խադեպը չունեցող ընթացք՝ Հարությունովին անգամ չեն բանտարկում:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՆՈՅԱՆԻ ՀՈՒԶԱՇԽԱՐՀԸ. «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»

Թվում է, թե լավ ենք ճանաչում մեր կողքին ապրող ստեղծագործողին, բայց իրականում ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԵՐՈՒՄ հաճախ չենք գնահատում ու լայն ասպարեզ չենք տրամադրում նրան՝ ինքնարտահայտվելու: Թերեւս դա է պատճառը, որ այսօր ուզում ենք ներկայացնել թբիլիսցի բանաստեղծուհի Լուսինե Վանոյանին, նրա հուզաշխարհը, ստեղծագործական ներշնչանքի աղբյուրն ու բանաստեղծական հավատամքը:

Լուսինե Վանոյանը գրական առաջին փորձերը կատարել է դեռ աշակերտական նստարա- նից: Վիրահայ ընթերցասեր հա- սարակայնությանը ծանոթ է 90-ական թվականներից, երբ տպագրվում էր «Կամուրջ» ալմանախում, «Վրաստան» թերթում, այնուհետեւ, մի փոքր ուշ, անդամակցում է թումանյանական նոր «Վերնատանը» եւ տպագրվում համանուն տարեգրքերում: Հեղինակ է «Հավատի ճամփա» ժողովածուի, մոտ ժամանակներս լույս կտեսնի նրա երկրորդ՝ «Հույս, հավատ, սեր» գիրքը: Լուսինեն, ստեղծագործական թեմատիկ բազմազանության մեջ, ընդգրկուն կերպով անդրադարձել է մորը, մայրենի լեզ- վին, Վրաստանին, Հայաստանին ու Արարչին: Մոր կերպարը նրա քնարական ապրումների տիրույթում ընթերցողի առջեւ հառնում է իր մարդկային, ընտանիքի հան- դեպ մեծագույն նվիրումի, մայրական անանց սիրո իրական ու իդեալական նկարագրով: Բնության անզուգական պարգեւ մայրը հավերժի ճամփորդ է, նա մահ չունի, այլ «լոկ ննջում է» («Ձոն՝ Արեւ մայրիկիս»): Նույնիսկ մահից հետո, մայրը որդու համար դառնում է պահապան հրեշտակ՝ չարը կանխող, վիշտը փարատող, կյանքի մութն ու խավարը վանող: