«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան»  «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Հունիսի 26-ի համարում՝

Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք ունենք հզոր Վրաստան ստեղծելու տաղանդ և ներուժ

Հունիսի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում հանդես եկավ կառավարության գործունեության մեկամյա ծրագրի հաշվետվությամբ։ Նշենք, որ դեռեւս հունիսի 1-ին վարչապետի 151 էջանոց հաշվետվությունը ներկայացվել էր խորհրդարանին։

2030 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 95 ՏՈԿՈՍԸ ԿՏԻՐԱՊԵՏԻ ՎՐԱՑԵՐԵՆԻՆ

Վարչապետի հայտարարությամբ, առանձնակի ուշադրություն կհատկացվի պետական լեզվի ծրագրին, այն հաշվով, որ արդեն 2030 թվականին ազգային փոքրամասնությունների 95 տոկոսը կտիրապետի վրացերենին: Ներկայացնելով կառավարության գործունեության 10-ամյա ծրագիրը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում հայտարարեց, որ երկրի զարգացման ու առաջընթացի այդ ծրագրի գլխավոր նպատակը հզոր Վրաստանի ստեղծումն է, այն հզոր Վրաստանի, որը պետք է դառնա վրացիների, աբխազների, օսերի, հայերի, ադրբեջանցիների, այս երկրում ապրող բոլոր մարդկանց, բոլոր հյուրերի ընդհանուր տունը: Այն պետք է կառուցվի բոլորիս համատեղ ջանքերով, եւ մենք կհասնենք այդ արդյունքին։ — Մենք դրա տաղանդն ու ներուժն ունենք: Մենք պետք է Վրաստանը վերածենք մի երկրի, որին դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները: Մեզ պետք է քաղաքական խաղաղություն, կայունություն եւ երկարաժամկետ զարգացում: Մեր երկիրն իր արժանի տեղը պետք է գրավի՝ որպես ամենահին ու եզակի մշակույթ ունեցող ազգ եւ որպես ուժեղ պետություն,- հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլին:

Ժողովրդավարության հարթակի ընտրություններ. Վրացական ԶԼՄ-ների արձագանքը

Հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» համոզիչ հաթանակը լայն արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս: Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս թեմայով վրացական մամուլում հրապարակված առանձին քաղաքագետների մեկնաբանությունները:

Թբիլիսյան «Ինտերպրեսնյուսին» տված հարցազրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները պայմանավորված էին Ղարաբաղյան պատերազմում պարտության ու համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական ծանր իրավիճակի հետեւանքով քաղաքական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությամբ: Արտահերթ ընտրությունները գործնականում պայքար էր ներկայիս իշխանության եւ նախկին Քոչարյան-Սարգսյան իշխանության միջեւ: Իշխանության ընդդիմախոսները Փաշինյանին եւ նրա իշխանությանը մեղադրում էին դավաճանության մեջ: Ընտրություններում Փաշինյանի հաղթանակը հստակ ցույց տվեց, որ հայ ժողովուրդը Ղարաբաղյան պատերազմում պարտությունը չի առնչում նրա անվան հետ:

Երկրների ցանկը, որտեղից կարելի է Վրաստան գալ առանց պատվաստման 

Վրաստանի կառավարությունն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` առանց պատվաստման` միայն բացասական «PCR» թեստի պատասխանով:

Նոր ցանկում են Սան Մարինոն, Մոնակոն, Սերբիան, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Չեռնոգորիան, Անդորրան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Բոսնիա ու Հերցեգովինան: Այս երկրների քաղաքացիները, ինչպես նաեւ կացության թույլտվություն ունեցողները կարող են մուտք գործել Վրաստան ոչ շուտ, քան մուտքից 72 ժամ առաջ արված «PCR» թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում պարտադիր կլինի երկրորդ «PCR» թեստը` ժամանելուց հետո երրորդ օրը (իրենց հաշվին): Ավելի վաղ նույն կարգն էր հաստատվել հետեւյալ երկրների նկատմամբ. ԵՄ երկրներ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտա- նիա եւ Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա, Քաթար, ՄԱԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Կանադա, Ճապոնիա, Քուվեյթ, Չինաստան, Հարավային Կորեա, Օման եւ Մոլդովա: COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են գալ Վրաստան` բացառությամբ նրանց, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Հնդկաստան: Բոլոր օտարերկրյա այցելուները Վրաստան մուտք գործելիս պետք է իրենց մոտ ունենան բժշկական ապահովագրություն, որը, անհրաժեշտության դեպքում, կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը:

Ամրագոտին պարտադիր է դառնում նաև հետևի նստատեղիի ուղևորների համար

Հնարավոր է, որ մոտ ժամանակներում Վրաստանում պարտադիր դառնա ավտոմեքենայի հետևի նստատեղիի ուղեւորի ամրագոտի կապելը:

Օրինագիծը, որը նշանակում է «ճանապարհային անվտանգության կանոնների խստացում», վերջերս խորհրդարան ներկայացրեց քաղաքացի Դավիթ Մեբաղիշվիլին։ Նման նախաձեռնությամբ հանես գալու պատճառը ընկերոջ ընտանիքում պատահած ողբերգությունն էր, երբ ավտովթարի հետեւանքով մահացավ նրա 11 ամյա երեխան: Ըստ նրա, եթե մեքենայի հետեւում նույնպես ամրագոտի կապեն, ապա առավել պաշտպանված կլինեն։ Ըստ Մեբաղիշվիլու օրինագծի, ամրագոտին պետք է առհասարակ պարտադիր դառնա ինչպես առջեւի, այնպես էլ՝ հետեւի ուղեւորի համար։ Նրա առաջարկությունը վերաբերում է միայն թեթեւ մարդատար ավտոմեքնաներին։ Բյուրոն հարցի քննարկումը հանձնարարել է իրա- վաբանական հարցերի հանձնաժողովին։ Օրինագծի վե- րաբերյալ խորհրդարանում կարծիքները տարբեր են։ Իրավաբանական հարցերի հանձնաժողովի անդամները որոշում կընդունեն միայն փաստարկները լսելուց հետո, որոնք պետք է ունենան շատ հստակ հիմնավորում: Պատգամավորներից մի քանիսն էլ գտնում են, որ այս օրենքը պետք է ընդունվեր դեռ այն ժամանակ, երբ ամրագոտի կապելը պարտադիր դարձավ մեքենայի առջեւում նստող ուղեւորի համար:
«Վրաստան» թերթը 100 տարեկան է 
«ՎՐԱՍՏԱՆԸ» «ՄԵԾԱՆՈՒՄ Է» ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ
Կարծես երեկ էր, որ նշեցինք թերթի առաջին համարի լույսընծայման 75- ամյակը, 80-ամյակը… Այն ժամանակ ես թերթի հոբելյանի նշանավորման համար Վրաստանի նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի անդամ էի եւ հիշում եմ՝ ինչ մեծ պատասխանատվությամբ ու շահագրգռվածությամբ էինք մշակում հոբելյանական ծրագիրը, հրավիրատոմսերի ձեւակերպումը, ծրագրված միջոցառումների բոլոր մանրամասները…
Իսկ այսօր, «Վրաստանը» արդեն նշում է իր մեկդարյա հոբելյանը: Համոզված եմ, որ թերթի այս մեկդարյա գործունեության մասին շատ է գրվել ու խոսվել, հիմնականում կատարվածի մասշտաբայնության, պատմական դերի ընկալման ու առաքելության լիարժեք կատարման տեսանկյունից: Ասվածին ու գրվածին կարող եմ ավելացնել, որ «Վրաստանին» արժանիորեն վերապահված է երկու եղբայրական ժողովուրդների՝ վրացիների ու հայերի բարեկամության մատենագրի պատվավոր կոչումը: Իսկ այսօր այդ կոչմանը, կարելի է անվերապահորեն ավելացնել նաեւ երկու անկախ, բարիդրացիական, նույնատիպ ճակատագրի պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման կամուրջի առաքելությունը: Բնականաբար, թերթի կողմից կատարած, կատարվող եւ կատարելիք գործունեության «մեղքի» ամենամեծ բաժինն ընկնում է խմբագրակազմի, թերթի գլխավոր խմբագրի վրա: Իր գործի հմուտ մասնագետ, բառիս լայն իմաստով պրոֆեսիոնալ լրագրող Վան Բայբուրթյանը, իսկապես, կարողանում է հստակորեն կողմնորոշվել, առանձնապես վերջին 30 տարիներին տեղի ունեցող հակասական իրադարձությունների փոթորկուն ծովում, թերթի «առագաստը» պահելով այն քամուն համընթաց, որը կոչվում է ծառայություն քո երկրին, ծննդավայրին, մայր հայրենիքին, քո ժողովրդին: Շնորհավոր հոբելյանդ, «Վրաստան», թող ուղեկից քամին միշտ ընթացք տա քո առագաստներին, որ ինչպես այս 100 տարիների ընթացքում, վաղն էլ՝ կարողանաս հստակ ճակատով նայել կատարածին ու կատարելիքին:
ԳՈՒՐԱՄ ԳՈԳԻԱՇՎԻԼԻ «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» թերթի պատասխանատու խմբագիր