«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։

«ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇ». ՊԻԵՍ ՄԵՐ ՄԵԾՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻ ՄԱՍԻՆ

Հունվարի 26-ին, Թբիլիսիի Ն.Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հանդես եկավ իր հերթական առաջնախաղով, բայց՝ հանդիսատեսին անծանոթ ձեռագրով, քանի որ բեմադրիչ-ռեժիսորը ադամյանականում գրեթե 25 տարիների կենսագրություն ունեցող դերասանուհի Լյուբա Սահակյանն էր: Անցած տարի, Լյուբան ավարտեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես դիպլոմային աշխատանք նա բեմադրեց մասնաճյուղի ռեկտոր, ժամանակակից արձակագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Տիկին Սիրանույշ» մոնոդրաման, որը հավանության արժանանալով, ընդգրկվեց հարազատ թատրոնի խաղացանկ:

«Տիկին Սիրանույշ» մոնոդրաման Լյուբայի ոչ միայն առաջին ռեժիսորական փորձն է, այլեւ ընդհանրապես բեմադրվում է առաջին անգամ: Պիեսը հայ թատերա- կան մշակույթի գագաթներից մեկի, սերունդներին իր բացառիկ «դերասանական դպրոցը» ժառանգած Սիրանույշի (Մերոպե Գանթարճյան, 1857-1932, Կոնստանդնուպոլիս¤ մասին է: Լեգենդար դերասանուհին խաղացել է շուրջ 300 դեր, շրջագայել աշխարհով մեկ, նշանավոր կերպարներով հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում, թեեւ իր գլուխգործոց դերը՝ Շեքսպիրի Համլետը (1901թ.), մարմնավորել հենց Թբիլիսիի թատրոնում:

ՓՈԽՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԱՈՒՉԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել «Ընդհանուր կրթության ֆինանսավորման մեկ աշակերտի համար հաշվարկված ֆինանսական նորմատիվի եւ դրան համապատասխան չափանիշային վաուչերի չափը որոշելու մասին» Վրաստանի կառավարության համապատասխան որոշման մեջ։

Ստորեւ ներկայացնում ենք ոչ վրացալեզու դպրոցների ֆինանասավորման չափը` ելնելով աշակերտների քանակից։

  • Առաջինից 8-րդ դասարան ներառյալ` ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար վաուչերի չափը կազմում է. ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/բաժինների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 170- 205 աշակերտ՝ 510 լարի (504-ի փոխարեն, 206-299 աշակերտի դեպքում՝ 504, 300-530 աշակերտի դեպքում՝ 501, 531-735 աշակերտի դեպքում՝ 486, 736- 1269 աշակերտի դեպքում՝ 477, իսկ 1269-ից ավելտի աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 474 լարի, նախկին 468 լարիի փոխարեն։
  • Բարձրալեռ բնակավայրերում գտնվող ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/բաժինների համար, որոնց աշակերտների թիվը կազմում է 170- 205 աշակերտ, նախատեսվում է 711 լարի (նախկին 699 լարիի փոխարեն), 206-299 աշակերտի դեպքում՝ 708, 300- 530 աշակերտի դեպքում՝ 693, 531- 735 աշակերտի դեպքում՝ 672, 736-1 269 աշակերտի դեպքում՝ 660, 1 269-ից ավելի աշակերտի դեպքում՝ 651 լարի (նախկին 645-ի փոխարեն)։
  • 9-12-րդ դասարան ներառյալ` ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցների/ոլորտների համար վաուչերի չափը կազմում է. 170- 205 աշակերտ ունեցող դպրոցի համար կազմում է 621 լարի (612-ի փոխարեն), 206-299 աշակերտի դեպքում՝ 618, 300-530 աշակերտի դեպքում՝ 615, 531- 735 աշակերտի դեպքում՝ 606, 736-1269 աշակերտի դեպքում՝ 594, իսկ 1269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 579 լարի, նախկին 567 լարիի փոխարեն։