«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

«ՀԱՎԼԱԲԱՐԻ» ՆԵՂԼԻԿ-ՄԵՂԼԻԿ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ Է
ՍԿՍՎԵԼ ՄԵԾ ԳՐՈՂԻ ԿՅԱՆՔԸ

Նար-Դոսը՝ Միքայել Հովհաննիսյանը, մեր գրականության հոգեբանական
վեպի արքան է, հայ արձակի զարգացման ռահվիրան։

Նա ծնվել է 1867թ-ին, Թիֆլիսի «Հավլաբար» թաղամասում, այսօրվա նախկին նախագահականպալատի կողքին գտնվող տներից մեկում։ Ծագումով բուն թիֆլիսցի էին նաեւ հայրը եւ մայրը։ Ինքնակենսագրության մեջ Նար-Դոսը գրում է, որ հայրը շատ բարի մարդ էր։ Գիտեր միայն վրացերեն գրելկարդալ, այնքան, որ պահում էր իր առեւտրական հաշիվները։

Մայրը դարձյալ շատ բարի է եղել։ Խոսակցական լեզուն տանը եղել է հայերենը՝ բուն թիֆլիսցու եւ հավլաբարցու խառը բարբառով։ Մանր առեւտրական՝ բրդավաճառ հայրը նյութական մեծ հնարավորություն չուներ՝ որդուն բարձր կրթության տալու։ Մանուկ Միքայելը սկզբնական կրթությունը ստանում է թաղի Սուրբ Կարապետ եկեղեցու դպրոցում, հետո ուսումը շարունակում է ռուսական երկդասյա դպրոցում, ապա փորձում է ընդունվել Թիֆլիսի հանրահայտ Ներսիսյան դպրոցը։

Այստեղ, ոմն պարոն Գրիգորը միայն մեկ հարց է տալիս տղային՝ «Ասա տեսնեմ՝ կոշիկդ ինչի՞ կաշուց է»։ «Չիմացա,- գրում է Նար-Դոսը ու հավելում,-այս եղավ իմ հարցաքննությունը, որից հետո այլեւս հայոց դպրոցի երես չտեսա»։ Կրթություն այնուհետ նա ստանում է, ինչպես ասում էին այն ժամանակ, կյանքի համալսարաններում։ Կարճ ժամանակ անց Նար-Դոսը դառնում է «Նոր-Դար» թերթի սրբագրիչ-քարտուղարը՝ մինչեւ իր կյանքի վերջն էլ մնալով այս պաշտոնում։

Իր լրագրական գործունեությունը արձակագիրը բնութագրում է «մարտիրոսություն» բառով, որ իսկական պատկերացում է տալիս նրա կրած անասելի տառապանքների մասին։ «Այդ պաշտոնում մարտիրոսությունս սկսվեց 1890թ-ի հունիսի 1-ից, որը կլանեց պատանեկության եւ երիտասարդության ամենալավ, ամենաբեղմնավոր տարիները՝ փոխարենը տալով այնքան չնչին նյութական վարձատրություն, որ այժմ կարող է պարզապես մի առասպել թվալ»։ Աշխա-
տակցել է նաեւ Թիֆլիսի՝ այն օրերի «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականներին, կարճ ժամանակ սրբագրություն է արել նաեւ «Պրոլետար» (այժմ՝ «Վրաստան» թերթում։

 

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ 65 ԵՎ ԿԿԱՌՈՒՑՎԻ 11 ՆՈՐ ԴՊՐՈՑ

Դեկտեմբերի 1-ին «նախարարի ժամ» ձեւաչափի շրջանակներում, խորհրդարանում գերատեսչության կատարած աշխատանքի հաշվետվությամբ հանդես եկավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։

Միխեիլ Չխենկելին մանրամասն խոսեց նախարարության կողմից իրականացված նախաձեռնությունների մասին։ Նախարարը պատասխանելով Ախալցիխեից, Ադիգենիից, Ասպինձայից եւ Բորջոմիից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Անտոն Օբոլաշվիլու հարցին՝ նախարարը նշեց, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում կվերանորոգվի 65 դպրոց, կկառուցվի 11 նոր կրթօջախ՝ հավելելով, որ կոնկրետ դպրոցների վերաբերյալ ցանկը կներկայացվի։