«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

«ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ… ԿԻԹԱՌ ԼՍԻՐ»

Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» մշակութային կենտրոնում 22-ամյա կիթառահար Լեւոն Ալոյանցի մենահամերգն էր: Հնչում էր Բախ, Ռեյս, Պակո դե Լուսիա, Պակո Պենիա, տանգո, միլոնգա… հայկական ժողովրդական Յաման յարն ու Կոմիտասի Վաղարշապատի պարը: Խորհրդանշական էր, որ այդ օրվանից 100-ից ավելի տարիներ առաջ, Թումանյանին հյուրընկալվելիս, այս տանն իր Վաղարշապատի պարի դաշնամուրային կատարումն էր ներկայացրել նույն ինքը՝ Կոմիտասը, հանճարեղ գործը Երանգի անվանելով:

Այս անգամ Երանգին հնչում էր կիթառով: Ներկաներից շատերը նույնիսկ չէին կռահել, որ կատարման վերջին հատվածը Կոմիտասինը չէր, այլ՝ Լեւոնինը:

Համերգն անցկացնելու վայրի ու ստեղծագործությունների ընտրությունից պարզ էր. Լեւոնի կյանքում կիթառը մոդա չէ ու ոչ էլ հոբբի: Լեւոնը ծնվել եւ ապրում է Թբիլիսիում:
Այստեղ է ավարտել թիվ 98 հանրային դպրոցը, այստեղ էլ սիրահարվել ու տիրապետել կիթառին, իսկ անցած տարի կիթառահարի մասնագիտությամբ բարձրագույն ուսումնա-
ռումն ավարտել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆԸ ՀԱՍԵԼ Է 2 ԼԱՐԻԻ

Երկրի գյուղմթերքների շուկայում կարտոֆիլի մանրածախ գինը հասել է գրեթե 2 լարիի, իսկ մեծածախ ցանցում մեկ կիլոգրամի արժեքը կազմում է 1,7 լարի։ Բարձր գնաճի պատճառը ցածր բերքատվությունն է, եւ Թուրքիայից կարտոֆիլի ներկրման արգելքը, ինչը լուրջ հիմնախնդիրներ ստեղծեց սպառողական շուկայում։

Հատկանշական է այն փաստը, որ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում
Վրաստանը ներկրել է ընդամենը 1300 տոննա կարտոֆիլ, ինչը, վերջին ինը տարինե-
րի ընթացքում, ներկրված ապրանքի ամենացածր ցուցանիշն է։

ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ… ՎՐԱՑ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՏԵՐԻՄՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԸ

Հայ թատերական աշխարհը մեծ կորուստ ունեցավ: 77 տարեկան հասակում մահացավ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը:

Վ.Շահվերդյանը ծնվել էր 1945թ., Վանաձորում: Ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1973-96թթ. եղել էր
Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը,
1994-98թթ.՝ Երեւանի թատերական ինստիտուտի ռեկտորը: 1995-99թթ. Վահե Շահվերդյանը Հայաստանի Ազգային ժողովի պատգմավորն էր, 1996-2008թթ.՝ Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Կյանքի վերջին տասներկու տարիներին Վահե Շահվերդյանը վերադարձել էր հայրենի Վանաձոր՝ նշանակվելով տեղի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԻՐԱԴՈՎԻ «ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՎՐԱ» ՀՈՅԱԿԱՊ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Թբիլիսիի միջմշակութային հարաբերությունների կենտրոն «Կովկասյան տանը» կա-
յացավ «Գեղանկարչությունը ճենապակու վրա» ցուցահանդեսը, որը բացեց միջոցառման նախաձեռնող՝ տոհմիկ թբիլիսահայ, արվեստի գործերի հայտնի հավաքորդ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Պիրադովը:

Ցուցադրված աշխատանքների հետաքրքիր մեկնաբանությամբ եւ դրական գնա-
հատականով հավաքվածներին դիմեց հայտնի արվեստաբան Թեմուր Քանթարիա-Ջաբադարին:

Օրվա համերգային ծրագիրը եւս գոհունակությամբ ունկնդրեց հանդիսատեսը: Հնչեցին երգահաններ՝ Կոմիտասի, Վաժա Ազարաշվիլու, Արչիլ Կերեսելիձեի, Բիձինա Կվերնաձեի ստեղծագործությունները ճանաչված դաշնակահարներ՝ Անրի Մեհրաբովի, Թեոնա Միքելաձեի, երգիչներ՝ Վիլի Գրիգորյանի, Նինա Կարապետյանի, Գիորգի Վարդանովի կատարումներով: