«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

Ընդգծվեց երկկողմ հարաբերությունների բարձրֆ դինամիկան

Նոյեմբերի 2- 3-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն երկօրյա պաշտոնա կան այցով գտնվում էր Հայաստանում: Այցի շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ մինչ այդ, Ջուանշեր Բուրճուլաձեն իր հայ գործընկեր Արշակ Կարապեյանի հետ դեմ առ դեմ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկեց երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում առկա եւ ապագա համագործակցությունը: Կողմերն ընդգծեցին բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւորությունը։ Հանդիպմանը քննարկվեց նաեւ տարբեր ոլորտներում հարեւան երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության, ռազմական կրթության, ռազմական բժշկության, բազմազգ ուսուցման եւ այդ կապերի ամրապնդման հարցերը։ Վրաստանի պաշտպանության նախարարի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը ողջունելով հյուրին, նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում եւ, որ այդ դինամիկան ամրապնդվում է պաշտպանության նախարարի այցով:  Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ եւ մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաեւ անձնական շփումները կառավարության անդամների միջեւ, շատ կարեւոր են այդ համատեքստում,- հայտարարեց Հայաստանի վարչապետը:Ջուանշեր Բուրճուլաձեն արդյունավետ գնահատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը եւ դրա ընդլայնմանը միտված ծրագրերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Ռազմավարական գործընկերությունը կարևոր գործոն՝ տարածաշրջանային և Եվրաատլանտյան զարգացման համար

Նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում ունեցավ Հարավկովկասյան երկրներում շրջայցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ:

Հանդիպմանը վարչապետը նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ամուր գործընկերությունն ավելի կարեւոր է երկու երկրների ընդհանուր շահերի եւ եվրատլանտյան անվտանգության համար: Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ Վրաստանը մնում է ԱՄՆ-ի հավատարիմ եւ հուսալի դաշնակիցը տարածաշրջանում։ Հանդիպմանը քննարկվեցին Սեւ ծովի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության միջավայրը եւ մարտահրավերները, Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակը եւ բռնազավթումից բխող սպառնալիքները, ինչպես նաեւ հումանիտար խնդիրները, որոնց առօրյայում բախվում են բռնազավթման գծի երկու կողմերում ապրող քաղաքացիները։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գործընթացի եւ այդ ճանապարհին իրականացվող բարեփոխումների հարցին։
Քութայիսիում կսկսվի էլեկտրամովիլբերի արտադրությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Քութայիսիում, տեղի բնակիչների հետ հանդիպմանը, հայտարարեց, որ մոտ ժամանակներում Քութայիսին կվերստանա իր պատմական առաքելությունը եւ քաղաքում կսկսվի էլեկտրամոբիլների արտադրությունը։Վարչապետի խոսքով, արդեն ներկրվել է էլեկտրամոբիլների արտադրության համար գործարանին անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը։  Մոտ երկու տարի առաջ ծրագրվեց նախագիծ, ըստ որի, լուրջ ներդրում է իրականացվելու քաղաքում էլեկտրամոբիլների արտադրության հիմնադրման նպատակով։ Թեեւ համավարակն արգելակեց այդ գործընթացը, եւ նախագծի իրականացումը ձգձգվեց։Տեղեկացնենք, որ Քութայիսիում ինդուստրիալ համալիրի շինարարությունն իրականացնում է AIGROUP-ը։ Համալիրի համար հատկացվել է 100 հեկտար հողատարածք։ Առաջին նախագիծն առնչվում է էլեկտրամոբիլների թողարկմանը։ Նախագիծն իրականացվում է չինական խոշոր «Չանգան» կորպորացիայի գործընկերությամբ։ Նախագծի սկզբնական տարբերակի համաձայն, համալիրի լրիվ ծանրաբեռնվածության դեպքում, տարեկան արտադրվելու է շուրջ 40 հազար էլեկտրամոբիլ, ինչը նշանակում է, որ գործարանն ավելի քան 3 հազար մարդու կապահովի աշխատանքով։ Նախագծի համաձայն, սկզբնական փուլում կթողարկվի չորս մոդելի էլեկտրամոբիլ։ Վրացական էլեկտրամոբիլները նախատեսված են ինչպես տեղական, այնպես էլ՝ եվրոպական եւ ասիական շուկաների համար։

ՄԱՐԻ ՄԻԿՈՅԱՆ. «ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼԵՎ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Վրաստանի բնակչության ընդհանուր թիվն անցնում է երեք միլիոնի սահմանները: Նոյեմբերի 5-ի առավոտյան տվյալներով լիարժեք պատվաստված են 1 995 150-ը, այդ թվում՝ 12-15 տարեկան 106 երեխա: Վերջին շրջանում հատկապես, պատվաստումների օրական թիվը կտրուկ նվազել է՝ տատանվելով 3-4 հազարի միջեւ, մինչ- դեռ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հասնում էր 30 հազարի: Ցավոք, նվազումը գրանցվեց հենց ամենաորոշիչ պահին, երբ վերսկսվեց բնակչության ակտիվ տեղաշարժն ու նվազագույնի հասան սահմանափակումները, ինչը բնական է, հանգեցրեց համավարակի 5-րդ ալիքի ակտիվացմանը՝ վարակման ու մահերի թվերի աճին:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, առաջատար համավարակաբանները, իսկ օրերս արդեն երկրի նախագահը կառավարությանը հորդորում են դիմել խիստ միջոցների եւ առկա իրավիճակի սրությունը նվազագույնի հասցնելու համար խթանել պատվաստման գործընթացը՝ նոր սահմանափակումների կիրառմամբ ու Կանաչ անձնագրի ներդրմամբ: Վրաստանի մասնագետներն ահազանգում են, որ իրավիճակը մտահոգիչ է հատկապես շրջաններում: — Հետաքրքիր է, որ, ըստ վիճակագրության, ամենից քիչ պատվաստվում են հենց ազգային փոքրամասնություններով հոծ շրջաններում, — «Վրաստանի» հետ զրույցում ասում է Վրաստանի արտակարգ իրավիճակների համակարգման եւ անհետաձգելի բուժօգնության ծառայության աշխատակից Մարի Միկոյանը, ով օրերս վերադարձել է Սամցխե- Ջավախեթիի տարածաշրջանից:- Կուզեի հատուկ անդրադառնալ «Վրաստան» թերթին, գիտեմ, որ համավարակի սկզբից մեծ դերակատարում ունեք վարակի ու նրա դեմ պայքարի հնարավոր միջոցների մասին խոսելու ու քարոզելու մեջ՝ այդ թեմային յուրաքանչյուր համարի մեկ էջը տրամադրելով: Գիտեմ նաեւ, որ ձեզ շատ են կարդում հատկապես մեր երկրի հայահոծ շրջաններում: Ուստի անկեղծ զարմանում եմ, որ հետեւողական չեն ու հաճախ չեն հետեւում ամենատարրական կանոններին: Զարմանալիորեն բնակչության մեծամասնությունը չի կրում նույնիսկ դիմակ, շարունակում կազմակերպել մարդաշատ հարսանիքներ ու սգո արարողություններ: Դե, իսկ պատվաստման գործընթացն ընդհանրապես անտեսվում է: Օրինակ, հոկտեմբերի 20-ին Սամցխե-Ջավախեթիում պատվաստվել է ընդամենը 131 մարդ, ընդհանուր՝ 36 418, այսինքն՝ բնակչության 0, 019 տոկոսը: Մինչդեռ վարակվածների ցուցանիշն այսօր աննախադեպ աճ է գրանցում, իսկ գաղտնիք չէ, որ հենց բարձրադիր շրջաններում է բժշկական օգնությունը հաճախ ոչ ժամանակին հասնում:
Մարին այս իրավիճակը պայմանավորում է իրազեկվածության պակասի ու արմատացած ապատեղեկատվության հետ: — Ցավոք, առայսօր բնակչությունը լիարժեք իրազեկված չէ, թե որ պարագայում կարող է զարգանալ անաֆլիտիկ ռեակցիա,- ասում է Մարին:- Նույնիսկ մահացած բուժքրոջ պարագայում մենք լսել ենք, որ օգնությունը ուշ է ցուցաբերվել, բայց մինչ օրս ոչ ոք հաստատ չգիտի իրական պատճառը: Չկա պատվաստված մարդկանց մահվան պատճառների պաշտոնական հաղոր- դագրություն: Ես նկատի չունեմ կոնկրետ թիվը, խոսքը պատճառների մասին է: Անձամբ իմ տվյալներով նրանցից բոլորն ունեցել են ծանր, առողջական լուրջ խնդիրներ, որը բացարձակապես կապ չունի պատվաստման հետ: Այս ամենի մասին պետք է խոսի մասնագետը, շատ խոսի, հանրորեն խոսի: Այնինչ, հանրորեն խոսում են միայն հարեւան-բարեկամները ու բնական է՝ սխալ կարծիք ձեւավորում, խոսում պատվաստման, բայց ոչ վարակվելու ծանր հետեւանքներից: Իմ ընտանիքի բոլոր անդամները պատվաստված են ու, որքան էլ մասնագիտությամբ բժիշկ, ես խորհրդակցել եմ այս բնագավառում առավել փորձառու մասնագետի հետ ու համոզվել, որ պատվաստվելու ճիշտ որոշում եմ կայացնում: Մարին Թբիլիսիի բժշկական պետական համալսարանի շրջանավարտ է: Տասնվեց տարի աշխատում է Թբիլիսիի բուժօգնության ծառայությունում ու համավարակի սկզբից, անտեսանելի թշնամու դեմ պայքարի առաջին շարքերում է ե’ւ բժշկության, ե’ւ հասարակական գործունեության տեսանկյուից: Որպես «Generation» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, մեկ անգամ չէ, որ հանդես է եկել վրացական մամուլում, հեռուստատեսությամբ, համացանցում կորոնավիրուսի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով բազմիցս օնլայն քննարկումներ ու հանդիպումներ է կազմակերպել միջազգային փորձագետների հետ:
Նյութերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Վրաստան թերթի նոյեմբերի 6-ի համարում: