Վրաստանում հայալեզու մամուլի ամենահինն ու պահպանվածը՝ «Վրաստան» թերթը 100 տարեկան է: Մեկդարյա կյանքի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկված, բայց հիմնական գործառույթը պահպանած թերթը շարունակաբար երկխոսության հարթակ է եղել Վրաստանաբնակ հայերի համար: Այսօր էլ, շաբաթական 4000 տպաքանակով թերթը բաշխվում է Վրաստանի հայաբնակ բոլոր շրջաններում․ նաև այն գյուղերում, որտեղ համացանցի խնդիրը դեռևս լուծված չէ: Թերթի նկատմամբ բացառիկ վստահություն ունի Վրաստանի գրեթե ողջ հայությունը․ չկա ընտանիք, որտեղ շաբաթաթերթը չկարդան:
Թերթի 13-րդ խմբագիր Վան Բայբուրթն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է. «Այսօր պետության ընդունած որոշումների, ընդունված օրենքների ու փոփոխությունների մասին Վրաստանի հայազգի բնակչությունն իմանում է մեր թերթի միջոցով: Մենք աշխատում ենք նաև նրանց՝ վրաց հասարակությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- պատմում է Բայբուրթն ու նշում՝ թերթին 100-ամյակի կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի ու Հայաստանի վարչապետներն ու նախագահները, Վրաստանում հայ առաքելական սուրբ եկեղեցու տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
«Վրաստան»-ին ուղղված շնորհավորանքներում երկու երկրների ղեկավարները կարևորել են թերթի առաքելությունը բոլոր ժամանակաշրջաններում:
«Այսօր էլ Վրաստանը շարունակում է, և վստահ եմ, շարունակելու է կատարել իր նվիրական առաքելությունը՝ գործունեության առանցքում պահել հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության տեսլականը և իր ավանդը ներդնելով երկու ժողովուրդների հետագա մերձեցման, չխամրող ավանդույթների պահպանման և մշակութային կապերի զարգացման գործում»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղղած շնորհավորանքի մեջ:
«Ուզում եմ հատկապես շնորհավորել թերթի գլխավոր խմբագրին՝ Վրաստանի բազմազգ շահերի հավատարիմ պաշտպան Վան Բայբուրթին: Այն բանից հետո, երբ թերթը Վրաստանի առաջին հանրապետության պայմաններում, 1920 թվականին հրատարակվեց, այն կարևորագույն առաքելություն է կատարում վրաց և հայ ազգերի բարեկամության էլ ավելի հաստատման պետական հարցերում»,- իր շնորհավորանքում գրում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ավելացնելով, որ «Ցավոք, այս տարի պանդեմիայի պատճառով չի ստացվում այս օրը ըստ պատշաճի տոնել, թեև երբ այս մեծագույն մարտահրավերը միասին կհաղթահարենք, վստահ եմ, ավանդույթի համաձայն միասին կտոնենք»:
««Վրաստան» թերթը միշտ կարևոր դեր է կատարել մեր հայալեզու քաղաքացիների համար կարևոր պետական տեղեկութունն ապահովելու հարցում և այսօր էլ նպաստում է Վրաստանի միասնական հանրությանն ինտեգրմանը»,- նշված է Վրաստանի նախագահի շնորհավորանքում:
«Ալիք Մեդիան» ևս միանում է շնորհավորանքներին, «Վրաստան» թերթի ողջ անձնակազմին՝ խմբագիր Վան Բայբուրթի գլխավորությամբ մաղթում ուժ ու եռանդ՝ թերթը կանգուն պահելու դեռ շատ ու շատ դարեր:
«Վրաստան» թերթը հիմնադրման պահին՝ 1920-ին կոչվել է «Կարմիր աստղ», 1923 թվականին անվանափոխվել է «Մարտակոչ», 1927 թվականին՝ «Պրոլետար», 1939 թվականին՝ «Խորհրդային Վրաստան»: 1940 թվականից այն կոչվում էր «Սովետական Վրաստան», իսկ 1990-ական թվականների սկզբից թերթը կոչվել է «Վրաստան»:
Թերթում աշխատել ու իրենց մեծ ներդրումն են ունեցել այնպիսի հայտնի թիֆլիսահայ դեմքեր, ինչպիսիք են Բենիկ Սեյրանյանը, Անահիտ Բոստանջյանը,Սոս Սիմավորյանը, Հակոբ Բլրցյանը, Ռուբեն Թորոսյանը, Մուրադ Ջափարովը, Էմմա Խաչատրյանը, Սամվել Պողոսյանը, Սերգեյ Առաքելյանը և այլոք: