
Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով հունիսի 5-6-ը Վրաստան կայցելեն Սլովակիայի, Ավստրիայի և Չեխիայի խորհրդարանների նախագահները։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակներում երեք երկրների պատվիրակությունները կհանդիպեն նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ։
«Քննարկման հիմնական թեմաները լինելու են Վրաստանի եվրոպական հեռանկարը և երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդումը։
Պաշտոնական այցի շրջանակներում Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան և Շալվա Պապուաշվիլին կստորագրեն երկկողմ համագործակցության փաստաթուղթ»,- ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը` Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի հանրապետությունների խորհրդարանների նախագահների հետ, հանդես կգա ԶԼՄ-ների համար հայտարարություններով։