Վրաստան-Իսպանիա խաղի տոմսերի ձեռքբերումը հունիսի 28-ից

Հունիսի 28-ից հնարավոր կլինի ձեռք բերել Վրաստանի հավաքականի և Իսպանիայի հավաքականի հանդիպման տոմսերը, հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան։

«ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակչի տոմսերի վաճառքը Վրաստանի հավաքականի երկրպագուների համար կսկսվի հունիսի 28-ին, Թբիլիսիի ժամանակով 12:00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տոմսերը կվաճառվեն միայն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքում:

Երեկ՝ հունիսի 26-ին, Վրաստանի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում 2։0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։

Այժմ 1/8 եզրափակչում Վրաստանի հավաքականը կխաղա Եվրոպայի առաջնության եռակի հաղթող Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Քյոլնում։

ԵՎՐՈ-2024-ում Իսպանիան զբաղեցրեց առաջին տեղը B խմբում՝ երեք խաղում երեք հաղթանակով։