Մայիսի 13-ից 14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան և ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, տեղեկությունը տարածել են ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները:
Երկուստեք կարևորվել է Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Որպես համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները: Կողմերը նշել են նաև, որ Վրաստանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։
«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Վրաստանի և Հայաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում»,- հայտնում են ԱԳՆ-ները:
Կողմերը վերահաստատել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը: