Վրաստան-Գերմանիա հարաբերությունների նշանակությունը. փորձագիտական դիտարկումներ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ։

«Մոտ երեք ամիս Վրաստանի ժողովուրդը ցույց է անում՝ ի պաշտպանություն իրենց ապագայի Եվրամիությունում, ընդդեմ Վրաստանի կառավարիչների վարած քաղաքականության. նրանց դեռևս պատասխանում են ահաբեկումներով, ձերբակալություններով և բռնությամբ», — գրել է Գերմանիայի ԱԳՆ-ն X-ում:

«Այսօր Գերմանիան լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել երկիր մուտք գործելու համար Վրաստանի այն պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են (բողոքի ցույցերը) ճնշելու համար»,- գրել է ԱԳՆ-ն։

Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ հայտարարում են այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները: Ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վրաստանի ինը քաղաքացիների, որոնք «պատասխանատու են Վրաստանում ցուցարարների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների համար», արգելվել է մուտք գործել երկիր։

Նշենք, որ նոյեմբերի 28-ից (երբ «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ ԵՄ-ի հետ ժամանակավորապես դադարեցնում է անդամակցությունը) տասնյակ պաշտոնյաներ և այլ անձինք ենթարկվել են վիզային պատժամիջոցների ԱՄՆ-ի, Բալթյան երկրների, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի և Ուկրաինայի կողմից: ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նաև անձնական և ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները նշեցին, որ Վրաստանի ու Գերմանիայի միջև կապերի թուլացումը կազդի երկրում բազմաթիվ ոլորտների զարգացման վրա: Մասնավորապես, Վրաստանի և Գերմանիայի հետ համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ ներառյալ կրթությունը, ռազմավարական պատրաստությունը, առևտրային ճանապարհները, քաղաքական երկխոսությունը և այլն:

Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստան-Գերմանիա տնտեսական վիճակի մասին նշեց.  «Հաշվի առնելով, որ Գերմանիան ամենամեծ տնտեսությունն է Եվրոպայում և երրորդը՝ աշխարհում, հարաբերությունների վատթարացումը որոշակի ռիսկեր է պարունակում»:

«Վրաստանից Դեպի Գերմանիա արտահանումը փոքր է, և դրանց տեսակարար կշիռը տատանվում է ընդհանուր արտահանման 1%-ի սահմաններում, որը տարեկան կազմում է 50-70 մլն դոլար։ Ի տարբերություն արտահանմանի, ներմուծման տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է, որը վերջին շրջանում էլ ավելի է աճել և արժեքով գերազանցել է 1,3 մլրդ դոլարը, որը կազմում է ընդհանուր ներմուծման 8%-ը։ Ներմուծվող հիմնական ապրանքը մարդատար ավտոմեքենաներն են։ Հաշվի առնելով, որ Գերմանիան ամենամեծ տնտեսությունն է Եվրոպայում և երրորդն է աշխարհում, հարաբերությունների վատթարացումը որոշակի ռիսկեր է պարունակում»,- ընդգծեց տնտեսական հարցերով վերլուծաբանը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ին միևնույն ռիսկերի մասին փաստեց նաև «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը։ Նա ասաց, որ Գերմանիայի հետ հարաբերությունների թուլացումը կնշանակի ոչ միայն տնտեսական հետընթաց, այլև կազդի Վրաստան-ԵՄ հարաբերությունների վրա:

«Գերմանիան Եվրոպական միության ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկիրն է և շատ մեծ դեր ունի Եվրոպական միության որոշումների առումով, ուստի Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունների նեգատիվ զարգացումը կբերի նրան, որ ոչ միայն տնտեսական առումով մեծ ազդեցություն կունենա Վրաստանի վրա, այլ նաև կազդի ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա, ինչպես նաև Գերմանիայում օրինական աշխատող Վրաստանի քաղաքացիների վրա»,- ընդգծեց Թումասյանը: 

Նրա խոսքով՝ հարաբերությունների թուլացումը կարող է հանգեցնել նաև Վրաստանի քաղաքացիների Գերմանիայում աշխատանքի վրա։ Փորձագետի խոսքով՝ Գերմանիան կարող է վճռորոշ դեր ունենալ նաև Վրաստանի դեմ պատժամիջոցների կամ վիզայի ազատ ռեժիմի սահմանափակման ուղղությամբ:

Հատկանշական է նաև, որ 2025 թվականի փետրվարի 25-ին Գերմանիայի կրթության նախարարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Վրաստանի հետ կրթական համագործակցությունը: Այնուհետև դեսպանությունը պարզաբանել էր, որ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունն (BMBF) այս փուլում դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության և վրացական պետական այլ կառույցների հետ։

Դեսպանությունը նաև նշել էր, որ Վրաստանի և Գերմանիայի միջև ուսանողների փոխանակման ծրագրերը «կարևոր ներդրում են Եվրոպայի հետ մերձեցման գործում, հետևաբար դրանք կշարունակվեն»։ Նշված է՝ կշարունակվի նախագծային և անհատական ​​ֆինանսավորումը։

Գերմանիան և Վրաստանը համագործակցում են կրթության բազմաթիվ ոլորտներում, ներառյալ ուսանողների փոխանակումը, համատեղ հետազոտական ​​նախագծերը և մասնագիտական ​​կրթական ծրագրերը: Ուսանողների փոխանակում և ակադեմիական համագործակցություն Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը  և այլ ծրագրեր վրացի ուսանողներին և գիտնականներին հնարավորություն են տալիս կրթություն ստանալու և հետազոտական ​​գործունեություն ծավալելու գերմանական համալսարաններում և գիտական ​​հաստատություններում: Այս ծրագրերը նպաստում են ակադեմիական կապերի խորացմանը և փորձի փոխանակմանը:

Գերմանիայի աջակցությամբ Վրաստանում ներդրվել են երկակի կրթական ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղողագործությունը և գինեգործությունը, հյուրասիրությունը, ռեստորանային ծառայությունները և խոհարարական արվեստը: Այս ծրագրերը համատեղում են տեսական ուսուցումը գործնական փորձի հետ, ինչը մեծացնում է շրջանավարտների աշխատանքի հնարավորությունները։