Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստան այցելելու և օրակարգի մասին:
Նշելով, որ վարչապետ վերանշանակվելուց հետո եղել է Իրանում, այսօր էլ ժամանում է Վրաստան՝ Փաշինյանն ընդգծել է, որ երկու դեպքում էլ օրակարգում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է՝ այս համատեքստում կարևորելով «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Իրանի հետ Հայաստանի սահմանը կապում է Վրաստանի սահմանի հետ։
«Այս համատեքստում կարևորում եմ «Հյուսիս-հարավ» նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը», — ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: