Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ, «Ալիք Մեդիա Վրաստան»–ի փոխանցմամբ, հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի՝ օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ:
«Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, թե 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կպահանջվի, «Ալիք Մեդիա»-ին հայտնել էր՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ և պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:
Նշենք նաև, որ Վրաստանի գերատեսչությունների կողմից պաշտոնական տեղեկատվություն չկա:
Ընդգծենք. «Ալիք Մեդիա Վրաստան»-ը հետևում է տարածված տեղեկատվությանը և պաշտոնական հաղորդագրության դեպքում առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի: