Դեկտեմբերի 5-ին Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակներում Վրաստանի լեգիտիմություն չստացած կառավարության արտաքին գործերի նորանշանակ նախարար (ԱԳ) Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ավստիրացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգին: Նախարարները հանդիպման մասին տարբեր տեղեկություններ են հրապարակել:
Վրաստանի ԱԳՆ-ն ոչինչ չի ասել այն մասին, որ ավստրիացի գործընկերը Բոճորիշվիլիի հետ հանդիպմանն ընդգծել է հավաքների և արտահայտվելու ազատության լիարժեք հարգման անհրաժեշտությունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ում գրել է, որ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը, և «Մակա Բոճորիշվիլին ևս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի արժանի տեղը եվրոպական ընտանիքում՝ երախտագիտություն հայտնելով Վրաստանին ցուցաբերվող Ավստրիայի անսասան աջակցության համար»։
Բացի այդ, ըստ Վրաստանի ԱԳՆ-ի.
- «Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վրաստանում ընթացող գործընթացներին և կառավարության նպատակին՝ առավելագույն ջանքեր գործադրել եվրաինտեգրման հետագա առաջընթացի համար:
- Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը՝ Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցելու համար։
- Նշվել է, որ Ավստրիան կշարունակի կանգնել Վրաստանի կողքին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Նախարարը նաև տեղեկացրել է գործընկերոջը խորհրդարանական ընտրությունների և միջազգային դիտորդների ներգրավվածության մասին:
- Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում անվտանգության միջավայրը։ Մակա Բոճորիշվիլին իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակի մասին»։
Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը X-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «խիստ մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով»։
«Ես ընդգծել եմ հավաքների և արտահայտվելու ազատությունը լիովին հարգելու անհրաժեշտությունը: Ժամանակն է, որ Վրաստանի կառավարությունը բանակցություններ սկսի ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ՝ բևեռացումը թուլացնելու համար»,- գրել է Ավստրիայի ԱԳ նախարարը:
Նոյեմբերի 28-ին ոչ լեգտիտիմ խորհրդարանի կողմից հաստատվել է Վրաստանի կառավարության նոր կազմը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահն ու ընդդիմադիր կուսակցությունները։
Իլիա Դարչիաշվիլիին փոխարինած Բոճորիշվիլին պաշտոնապես սկսել է իր լիազորություններն իրականացնել դեկտեմբերի 1-ից։