Վերջին մի քանի շաբաթում Թբիլիսիում գործող փոքր թխարանները բողոքում են հացի ալյուրի որակից. եղել են դեպքեր, երբ ալյուրը վերադարձրել են ներկրողին։
Անորակ ալյուրի մասին տեղեկությունը հաստատել է Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավարը Մալխազ Դոլիձեն:
Դոլիձեի խոքով՝ բարձրորակ ալյուր ապահովելը ներկրողի պարտականությունն է։
«Ներկրողները շատ լավ գիտեն, թե ինչ որակի ալյուր են բերում, որ շրջանում և ինչ գնով են այն վաճառում։ Ցավալի է, բայց փաստ է, գնի և որակի առումով ռուսական ալյուրն այլընտրանք չունի»,- ասել է Դոլիձեն:
Ինչ վերաբերում է շուկայում տիրող իրավիճակին, ապա, ըստ Մալխազ Դոլիձեի, այժմ ամեն ինչ կախված է նոր բերքից. այդ թվում՝ հացի գինը։
«Այժմ տեղական շուկայում արտադրվող և Ռուսաստանից ներկրվող ալյուրի գինն այնքան մոտ է, որքան երբևէ չի եղել։ Ներմուծվածի արժեքը 77-79 լարի է, տեղականինը՝ 80-83։ Սա շատ փոքր տարբերություն է։ Սրան գումարվում է գազի և ջրի թանկացված սակագինը, բայց, այնուամենայնիվ, մոտ ապագայում հացի թանկացում պետք չէ սպասել»,- նշել է Դոլիձեն։