ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Վրաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն։ Հանդիպումը կայացել է Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։
48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Ասլանին։
Երեկվա հանդիպումից հետո Ալբանիան խմբում միավորներով հավասարվեց Վրաստանին և Չեխիային: Երեք թիմերն էլ ունեն 6 միավոր: Ուկրաինան 3 միավորով խմբի աութսայդերն է:
Ազգերի լիգայի մեկնարկում Վրաստանը 4։1 հաշվով հաղթեց Չեխիային, այնուհետև Տիրանայի դաշտում հաղթեց Ալբանիային՝ 1:0 հաշվով, իսկ Ուկրաինային պարտվեց (1:0):
Նոյեմբերի 16-ին Վրաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ, որը տեղի կունենա Batumi Adjarabet Arena մարզադաշտում։
Խմբային փուլում թիմերը պետք է երկու հանդիպում անցկացնեն յուրաքանչյուր մրցակցի հետ: Լիգայի հաղթողները կտեղափոխվեն ավելի բարձր դիվիզիոն։