Վրաերթ Մառնեուլիում. զոհ կա

Ճանապարհատրանսպորտային պատահար Մառնեուլիում. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Դեպքը տեղի է ունեցել Մայիսի 26-ի փողոցում։ Հետիոտնը փորձել է անցնել ճանապարհը, երբ մեքենան վրաերթի է ենթարկել նրան։

Դեպքի վայրից ստացված տեղեկության համաձայն՝ 17-ամյա դեռահասի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդ հետիոտնին. հարվածի հետևանքով տղամարդը շպրտվել է մի քանի մետր և տեղում մահացել։

Մահացածը Սադախլո գյուղի բնակիչ է։ Ձերբակալված դեռահաս վարորդը Մառնեուլիի Ջանդարի բնակավայրից է։

Այս պահին դեպքի վայրում են պարեկային ոստիկանությունը և դատաբժշկական փորձաքննությունը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, կատարվում են համապատասխան ընթացակարգեր։