Վրացիներից է պետք խորհուրդ հարցնել. Յուլիա Նավալնայա

Մյունխենի անվտանգության համաժողովում Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան լրագրողի հետ խոսել է Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի մասին։ Նավալնայան իր հիացմունքն է հայտնել վրացական ընդդիմության նկատմամբ։

Ըստ նրա՝ վրաստանյան բողոքի ցույցերը ոգեշնչող էին, քանի որ նկատելի էր՝ թե որքան մարդ դուրս եկավ փողոց: Նավալնայան ընդգծել է քաղաքացիների աջակցությունը, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, հատկապես այն երկրներում, որտեղ Կրեմլի ազդեցությունն ուժեղ է։

«Պուտինը շատ լավ տիրապետում է իրեն շրջապատող բոլոր երկրներում հիբրիդային միջամտության մեթոդներին։ Այդ պատճառով վրացական ընդդիմության աջակցությունը չափազանց կարևոր է», — ասել է Նավալնայան։

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա վրացի ցուցարարներին, Նավալնայան ասել է, որ մյուսները պետք է սովորեն վրացիներից. «Դժվար է խորհուրդներ տալ, քանի որ մենք նույն իրավիճակում ենք: Գուցե, ընդհակառակը, պետք է նրանցից խորհուրդ հարցնել, հարցնել, թե ինչ և ինչպես անել, քանի որ, ինչպես տեսանք, նրանք շատ լավ են դա անում»:

Նրա ամուսինը՝ Ալեքսեյ Նավալնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջատար հակառակորդը, որին Ռուսաստանը հայտարարել էր «ծայրահեղական», մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի հյուսիսում գտնվող Խարկովի գաղութներից մեկում:

Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է բանտի բակում զբոսնելիս։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս ամբողջությամբ չեն բացատրել ընդդիմության առաջնորդի մահվան հանգամանքները։