Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ղեկավար Դեյմոն Վիլսոնը տեսաուղերձով անդրադարձել է Վրաստանում ընթացող զարգացումներին:
Նրա խոսքով, վերջին շաբաթների ընթացքում Վրաստանի մամուլում NED կազմակերպության անունը հաճախ է հիշվել: Ըստ նրա՝ սակայն, շատ լավ հասկանալի է, որ տեղի ունեցողը NED-ի մասին չէ: Վիլսոնը նշում է՝ Թբիլիսիում տեղի ունեցած այս շաբաթվա գործընթացները ցույց են տալիս, որ սա Վրաստանի քաղաքացիների մասին է: Վրացիների, ովքեր սիրում են իրենց երկիրը, աջակցում են ժողովրդավարությանը և գիտեն, որ Վրաստանը Եվրոպայի մաս է:
«Այս շաբաթ, սարսափելի բռնություններ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ես ուզում եմ, օգտագործել այս հնարավորությունը և շնորհակալություն հայտնել ասելով, որ մենք աջակցում ենք Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են Ռուսաստանի օրինակով արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ:
Զուգահեռաբար, Վաշինգտոն էր եկել Վրաստանի խորհրդարանական պատվիրակություն, որի հետ հանդիպման ընթացքում մենք ասել ենք, որ այս օրենքը կարող է վտանգել վրաց-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին: Հանդիպումից րոպեներ առաջ ելույթով էր հանդես եկել Բիձինա Իվանիշվիլին, որի ընթացքում նա Վրաստանի հայրենասեր քաղաքացիներին բացասական երանգներով էր ներկայացրել: Մարդկանց, ովքեր պայքարում են իրենց համայնքներն ու երկիրն ամրացնելու համար»,- ասել է NED-ի ղեկավարը:
Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը նաև այս կերպ ընտրել է Վրաստանի գործընկերներին կորցնելու ճանապարհը.
«Մենք տեսանք, թե ինչպես է ոստիկանությունը դաժան ուժ կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Սրանք Վրաստանի համար տխուր օրեր են: Տխուր ենք նաև մենք` Վրաստանի այն ընկերները ովքեր հավատում են Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագային»:
Վիլսոնն ընդգծել է՝ տարիներ շարունակ իրենք ջանք չեն խնայել աջակցելու Վրաստանի ժողովրդավարության կայացման և Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացման գործում: Վրաստանի ժողովրդի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունն ու նպատակը ամերիկացիներին մեծապես ոգևորել է:
«Այո՛, նախկինում եղել են դեպքեր, երբ մենք բավարար չափով չենք աջակցել ձեզ: 2008 թվականը սև բիծ մեզանից շատերի և անձամբ ինձ համար, սակայն անցյալի ձախողումներից դասեր քաղելով պետք է համախմբվել Վրաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, եվրոպական ապագայի շուրջ:
Ինչպես այս շաբաթ ասել ենք Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին, մենք ոչ մի տեղ չենք գնալու: Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի հետ այնքան ժամանակ, որքան նրանք պայքարում են:
Ինչպես ԱՄՆ-ի Սենատի նամակում է ասվում, ռուսական այս օրենքի աջակիցների և Բիձինա Իվանիշվիլիի համար այս գործընթացը հետևանքներ է ունենալու: Մենք ոչ միայն հետ չենք քաշվում պատմական այսպիսի կարեւոր պահերին, այլև կրկնապատկում ենք մեր ջանքերը և հիմա նման պատմական պահ է»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա բացել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցելու դռները, որն այժմ պատրաս է ընդունել Հարավային Կովկասում և Եվրամիության արևելյան սահմանների ժողովրդական պետություններն իր կազմում: Նրա խոսքով, առաջիկա ընտրությունները Վրաստանում կարող են արագացնել ԵՄ-ին անդամակցությունը, կամ` ընդհակառակը.
«Սա այն պահն է, երբ Վրաստանը ազատ աշխարհի մասը լինել չլինելու որոշում է կայացնելու և, երբ տեսնում ենք տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներին հիշում ենք մեր լավատեսությունը և վստահությունը Վրաստանի ապագայի վերաբերյալ: Այն ժամանակը, երբ ես ինքս սիրահարվեցի Վրաստանին:
Սա մի ժամանակ է, երբ մեկ մարդու զառանցաքին և ոստիկանական բռնություններին հակադրվել է խիզախ քաղաքացին: Եվ այո՛, իրենց ապագայի համար պայքարող մարդկանց ուղղված մեր ասելիքը հստակ է`մենք տեսնում ենք ձեզ, լսում ենք ձեզ և աջակցում ենք ձեզ: Մեր աջակցությունը չի դադարելու, քանի որ դուք պատմության ճիշտ կողմում եք»: