Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի դիպուկահարների պատրաստման դպրոցի հրահանգիչները` համատեղ փոխանակման զորավարժությունների (JCET) շրջանակներում, ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի զինծառայողների համար անցկացրել են հեռահար հրաձգության դասընթաց:
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
ՊՆ-ի փոխանցմամբ, դասընթացը տևել է երկու շաբաթ: Ցուցադրական զորավարժությունն անցկացվել է մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ գործողությունների ուսումնական կենտրոնի հրաձգարանում, որին մասնակցել են հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կղլատեիշվիլին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը:
«Զորավարժությունների ընթացքում զինծառայողները սթրեսային պայմաններում տարբեր հեռավորությունների վրա կատարել են հրաձգային վարժություններ և բարձր գնահատականներ են ստացել հսկիչ դիտորդներից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների համար դիպուկահարների պատրաստման դասընթացը Վրաստանում անցկացվել է երկրորդ անգամ։ Ֆրանսիական լեգեոնն այս զորավարժությանը մասնակցել է երկրորդ անգամ։