Վրացի շուրջ հարյուր երաժիշտներ համատեղ հայտարարությամբ իրենց բողոքն են հայտնել ոչ լեգիտիմ իշխանության դեմ։
Նրանք գործադուլ են հայտարարել՝ հրաժարվելով մասնակցել պետական որևէ միջոցառման։
«Արվեստն իր էությամբ միշտ եղել է ազատության և ինքնարտահայտման խորհրդանիշ, հետևաբար արվեստը չի կարող լռել և սահմանափակվել: Մեր դերը հասարակության շրջանում եղած հույզն ու տրամադրությունը, նրա ուղերձը փոխանցելն է։ Այսօր, երբ Վրաստանի քաղաքացին ամեն օր հալածվում, ծեծի է ենթարկվում և ապօրինի ձերբակալվում իր ազատության և սեփական երկրի եվրոպական ապագայի պաշտպանության համար, մենք հանդես ենք գալիս մեր բողոքով»,- գրված է հայտարարության մեջ։
Երաժիշտները դատապարտում են ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, ապօրինի ձերբակալությունները, ահաբեկումները և իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահպանելու համար օգտագործվող բազմաթիվ այլ հանցավոր մեթոդներ։
Հայտարարության տակ ստորագրել է շուրջ հարյուր երաժիշտ` այդ թվում հայտնի ջազ երգչուհի Նինո Քաթամաձեն, փոփ-ռոք երգիչ Էրեկլե Դեիսաձեն, Ալտերնատիվ ռոք կատարմամբ հայտնի «Մծվանե Օթախի» (Կանաչ Սենյակ) խումբը և այլք։