Վրացերենի ուսուցումը ոչ վրացալեզու՝ հայկական և ադրբեջանական դպրոցներում շարունակում է խնդիր մնալ: Հենց այս խնդրի լուծման նպատակով է «Ալիք Մեդիայի» հերոսուհին՝ Լալի Մարգիանին արդեն գրեթե 5 տարի աշխատում Մառնեուլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի դպրոցում։
«Երբ խոսում եմ, առանց երեխաներին հիշատակելու իմ խոսքը չի ստացվում», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցն այսպես է սկսում Խոժոռնիի դպրոցի «Վրացերենը որպես երկրորդ լեզու» առարկայի ուսուցչուհի Լալի Մարգիանին:
Մարգիանին պատմում է, թե ինչպես է դարձել ուսուցչուհի, ինչ դժվարությունների է հանդիպել և ինչպես է հաղթահարել դրանցից յուրաքանչյուրը։
«Խոժոռնիում հայտնվեցի հաղթահարելով «Վրացերենը որպես երկրորդ լեզու» առարկայի քննությունը, որից հետո «Մասնագիտական աջակցություն ոչ վրացալեզու դպրոցներին» նախագծի մասնակիցը դարձա, ստացա կոնսուլտանտ-ուսուցչի կարգավիճակ և հինգ տարի առաջ հայտնվեցի Խոժոռնիի դպրոցում», — ասում է Մարգիանին:
Նշում է՝ ճիշտ է, դպրոցում վրացերենի ուսուցիչներ կան, սակայն դա բավական չէ, որպեսզի աշակերտները լիարժեք խոսեն վրացերեն և ինտեգրվեն վրաց հասարակությանը.
«Այստեղ վրացերենի ուսուցիչները խոսում են կամ հայերենով կամ ադրբեջաներենով, հնարավոր է դասի 10 րոպեն խոսեն վրացերեն, իսկ դասերից հետո վրացերենն այդքանով ավարտվում է, ինչպես յուրաքանչյուր օտար լեզու։ Իսկ յուրաքանչյուր լեզու սովորելու համար պետք է շփում»։
Մարգիանին ընդգծում է, նման դպրոցների աշակերտներն իսկապես հերոս են, գալիս են առաջին դասարան, սովորում մայրենի լեզուն (հայերեն կամ ադրբեջաներեն), վրացերեն, անգլերեն, գլխում ամեն ինչ խառնվում է իրար։
Ուսուցչուհու կարծիքով անգլերենն այս դպրոցներում պիտի նախատեսվածից բարձր դասարաններից սկսել դասավանդել։
Մինչև Խոժոռնի գալը Լալի Մարգիանին 5 տարի ապրել է Սվանեթիում, դասավանդել է Մեստիայի Լախամուլիի հանրակրթական դպրոցում։ Բարձրագույն կրթություն է ստացել Թբիլիսիի հումանիտար-տնտեսագիտական ինստիտուտում։
«18 տարեկան էի, երբ անցկացրեցի իմ առաջին դասը որպես ուսուցիչ։ Ընդամենը ատեստատ ունեի, և այն ժամանակվա ռեսուրս կենտրոնից առաջարկեցին դառնալ ուսուցիչ, այն էլ Սվանեթիի բարձրալեռնային դպրոցներից մեկում», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է ուսուցչուհին։
Երանությամբ է հիշում, թե ինչպես էր հայրը տրակտորով տանում այդ գյուղ, քանի որ 1984 թվականին խիստ ձմռան պատճառով եղած աղետից գյուղում ճանապարհ չէր մնացել։
«Այնուհետև արդեն մի քանի այլ դպրոցներում եմ աշխատել, որից հետո ընտանիք եմ կազմել, իսկ հիմա արդեն 5 տարի է այստեղ եմ՝ Խոժոռնիում», — ասում է ուսուցչուհին:
Հարցին, թե ինչու է ընտրել հենց դպրոցն ու այս մասնագիտությունը, առանց երկմտելու ասում է, քանի որ շատ լավ ուսուցիչներ է ունեցել, գլխավոր պատճառներից էր նաև այն, որ այլ մասնագիտության մասին չէր էլ մտածում.
«Աշակերտներից այն կողմ չեմ պատկերացնում ինձ»։
Ասում է՝ շաբաթ-կիրակին չի սիրում, քանի որ դպրոց չկա և իր մտքերի հետ միայնակ է մնում տանը։ Անընդհատ մտածում է, երբ է գալու երկուշաբթին, որ վերադառնա դպրոց։
Խոժոռնիի երեխաների վրացերենի իմացության մակարդակը բարձրացնելու և հասարակությանը ինտեգրելու նպատակով նա վրացի իր ընկերներին՝ գրող, երգող, ցանկացած մասնագիտության, մինչև համավարակը հաճախ էր հրավիրում գյուղ կամ երեխաներին էր տանում նրանց մոտ։
«Ստեղծեցի ֆեյսբուքյան էջ, որտեղ աշակերտներն ու ուսուցիչներն են ներգրավված։ Էտալոն կրթական կայքում հրապարակում եմ նրանց հաջողությունները, ինչը ևս նպաստում է նրանց դպրոցական կյանքի ակտիվացմանը», — ասում է ուսուցչուհին:
Ուսուցչուհին անկեղծանում է, որ հաճախ բացասական մեկնաբանություններ ևս հնչել են կապված իր արած աշխատանքի հետ, բայց ինքը շարունակել է աշխատել նույն ոգով, ինչպես միշտ, քանի որ դպրոցի տնօրենն ու ուսուցչական կոլեկտիվն ամեն կերպ օժանդակել և օգնել են իրեն.
«Մի անգամ վրացերենի միջոցառում կար, որից հետո ինձ լուրեր հասան, որ գյուղում խոսակցություններ են, թե ինչու պետք է երեխաները երգեն, պարեն վրացերեն, այն դեպքում, երբ հայ են, հայկական կրթություն են ստանում։ Ես բացատրեցի երևույթը, որից հետո նման դեպքեր այլևս չկրկնվեցին»։
Ուսուցչուհին ժպիտով ասում է, որ հաճախ աշակերտներին զգուշավորությամբ է հարցնում, թե որտեղ են ցանկանում ուսումը շարունակել, քանի որ մինչ այժմ շատերը ուսում են ստացել Հայաստանում։
Մարգիանին դպրոցում սկսել է աշխատել որպես պրակտիկոս ուսուցիչ, այնուհետև ավագ, այժմ առաջատար ուսուցիչ է, բայց հնարավոր է շուտով դառնա արդեն մենթոր։
Խոսելով առաջին անգամ Խոժոռնիի դպրոց ոտք դնելու և բարդությունների մասին, ուսուցչուհին ասում է, որ սկզբում շփումները բարդ էին՝ մասնավորապես լեզվական առումով, հետո կամաց-կամաց ամեն ինչ ընկավ իր տեղը։
Ասում է՝ հիմա դպրոցն ավելի ազատ է, քան այն ժամանակ, երբ նոր էր եկել դպրոց.
«Դպրոցում կփոխեի միջավայրը, ենթակառուցվածքները։ Կցանկանայի՝ աշակերտները ավելի լավ դասասենյակներ ոտք դնեին, որտեղ միջավայրը կտրամադրեր, որ ավելի լավ սովորեն»։
Կրթական փոփոխություններից ուսուցչուհին առանձնացնում է տեղեկատվական տեխնոլոգիայի բացակայությունն ու դրա ավելի որակյալ դասավանդումը, ինչպես նաև ՍՏԵՄ առարկաների (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա) դասավանդման կարևորությունը։
Խոսելով ապագա գործունեության մասին, ուսուցչուհին ուրախությամբ նկատում է.
«Շատ եմ երազում այստեղ ունենալ իմ տունը, մի փոքրիկ անկյուն, որ դեսպանատան նման ընկերական անկյուն կլինի, որտեղ բոլոր ազգերին կմիավորեմ, կողքի գյուղերից ևս. այն նման կլինի բարեկամական կենտրոնի»։
Ուսուցչուհին իր կյանքը Խոժոռնիում է պատկերացնում, բայց նաև ընդգծում է՝ գյուղում կփոխեր գյուղացիների միջանձնային շփումը։
«Չնայած այն բանին, որ ընկերական գյուղ է, այդուհանդերձ նոր սերնդի հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների միջև շփումը փոքր ինչ վատթարացել է, ինչը ավելի մեծ տարիքի գյուղացիների մասին չեմ ասի», — անկեղծանում է Խոժոռնիի վրացերենի ուսուցչուհին։