Վրաստանյան մի շարք լրատվականներ, օրինակ՝ publika.ge-ն, netgazeti.ge-ն, on.ge-ն այսօր հայերենով հրապարակում են արել՝ Ինչ է կորոնավիրուսը թեմայով:
Ծավալուն հոդվածում խորհրդատվություններ են՝ ծնողների, դաստիարակների և հետաքրքրված անձանց համար: Խոսվում է նոր տիպի COVID-19 վարակի տարածման ձևերի, բնորոշ ախտանիշների, վարակման վտանգների, պաշտպանության ձևերի, կանխարգելման ու բուժման տարբերակների մասին:
Հայալեզու հոդվածի հեղինակը Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնն է:
Նախաձեռնությունը նպատակ ունի կորոնավիրուսի կանխարգելման մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել վրացերենին չտիրապետող հայերին, խոսքը ոչ միայն Ջավախքի, այլև Մառնեուլիի հայաբնակ շրջանների մասին է:
Ի դեպ, Մառնեուլիի շրջանի համար Վրաստանի կառավարության կողմից ուղարկված կարճ հաղորդագրությունները հիմնականում երկլեզու են՝ վրացերեն և ադրբեջաներեն: Ինչպես օրինակ այսօր՝ մունիցիպալիտետը կարանտինային գոտի հայտարարելու մասին ուղարկված կառավարության հաղորդագրության մեջ հայերենն անտեսվել է՝ չնայած Մառնեուլիի շրջանում լրիվ հայաբնակ 9 գյուղ կա: