Մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով զբաղվող «Կապույտ վահանի վրացական կոմիտե» կազմակերպությունը, զեկույց է հրապարակել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանում վրացական մշակութային ժառանգության վիճակի մասին։
Զեկույցը ներառում է 737 մշակութային ժառանգության օբյեկտ, այդ թվում՝ եկեղեցիներ, բերդեր, թանգարաններ, պալատներ և այլ տեսակի շինություններ։
Զեկույցի հեղինակները նշված հուշարձանների վիճակը գնահատել են ըստ կատեգորիաների՝ օգտագործելով բաց աղբյուրները, ինչպես նաև՝ դիտելով Google Earth-ի օդային լուսանկարները։
Զեկույցի համաձայն՝ 737 հուշարձաններից 324-ը չեն կարողացել նույնականացնել քարտեզի վրա, իսկ 25 հուշարձան պատկերի վատ որակի պատճառով հնարավոր չի եղել դասակարգել։
Քարտեզում հայտնաբերված 324 հուշարձաններից միայն 35-ն է լավ վիճակում, 72-ը՝ միջին, 139-ը՝ վատ, քարտեզի վրա նշված 53 հուշարձան՝ ավերված է, անհայտ է ավելի քան 25 հուշարձանի ճակատագիր:
Զեկույցում ներկայացված են նաև հուշարձաններին հասցված վնասի պատճառները, որոնք հետևյալն են.
- տարածաշրջանում ռազմական գործողությունների ընթացքում վնասվել կամ ավերվել է ընդհանուր առմամբ 23 հուշարձան, այդ թվում՝ 12 եկեղեցի, 5 թանգարան, 2 պալատ և 4 այլ տիպի շինություններ,
- 2008 թվականից հետո տարբեր աշխատանքներից հետո վնասվել կամ ավերվել է 26 հուշարձան, այդ թվում՝ 21 եկեղեցի, 3 բերդ, 1 թանգարան և 1 պալատ,
- անզգուշության հետևանքով վնասվել և ավերվել է 95 հուշարձան, այդ թվում՝ 49 եկեղեցի, 34 բերդ, 3 թանգարան և 9 այլ տիպի շինություններ,
- ռազմական օբյեկտների շրջակայքում կա 45 հուշարձան, այդ թվում՝ 25 եկեղեցի, 16 բերդ և 4 այլ տիպի շինություններ,
- իսկ 1 թանգարան և 1 եկեղեցի դարձել են ասպատակությունների ու թալանների «զոհ»։