Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկը` «Միացյալ ազգային շարժումը» հնարավոր է լքի միասնական ընդդիմության դաշինքն ու առանձին մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին սկսել են խոսել տեղի լրատվամիջոցները` հղում անելով դաշինքի ներկայացուցիչներին: «ՄԱՇ»-ն այսօր չի ներկայացել կոալիցիոն հանդիպմանը:
«Առանց միասնության կորչում են ձգտումներն ու ընտրողների ձայները: Սրանից ելնելով` մնում է գլխավոր հարցը. հանուն ինչի են նրանք (խմբ.` նկատի ունի «ՄԱՇ»-ին) պայքարելու` արդարության, թե՞ աթոռի» — թեման այսպես է մեկնաբանել «Ուժը միասնության մեջ է» միասնական ընդդիմության դաշինքը ներկայացնող Մամուկա Գամկղրելիձեն:
Փորձագետները կարծում են` դաշինքը «ՄԱՇ»-ին ձեռք չի տալիս, քանի որ ստիպված են լինելու իրենց ձայները «նվիրել» դաշինքի այն կուսակցություններին, որոնք ինքնուրույն չեն հաղթահարի նույնիսկ 1 տոկոսանոց շեմը:
«Ուժը միասնության մեջ է» միասնական ընդդիմության դաշինքը ձևավորվեց նախորդ տարվա աշնանը, երբ երկրում սահմանադրական փոփոխությունների տապալումից հետո բողոքի ալիք էր բարձրացել: Դաշինք կազմվեց տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժերից, որոնք, սակայն, հանուն ընդհանուր նպատակի` միասնականություն էին ցուցադրում: Բազմաթիվ բանակցություններից հետո իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց կոնսենսուսի հասնել, որից հետո տարաձայնություններ սկսվեցին ընդդիմության ներսում:
Ըստ սահմանադրական փոփոխությունների` 2020-ի աշնանը սպասվող ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը 1% կլինի: Սա գործնականում նշանակում է, որ կուսակցությունների զգալի մասը կանցնի խորհրդարան: Մեծամասնական ընտրատարածքները կպահպանվեն, սակայն 73-ի փոխարեն այս անգամ նրանց թիվը 30 է. կհաղթի քվեարկողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն: Սակայն բարդ համակարգի շնորհիվ մեծամասնական ընտրատարածքում հաղթելը ոչ մի սուբյեկտի առավելություն չի տալիս: Խորհրդարանում ներկայացվածությունն այսուհետ կախված է լինելու միայն համամասնական ընտրության արդյունքներից: