Ադրբեջանը ժամեր առաջ սկսեց կրակել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով` գնդակոծելով նաև Ստեփանակերտը։ Վրացական մամուլը և բազմաթիվ լրատվամիջոցներ հետևում են իրադարձություններին և հրապարակում թարմ լուրեր։
Վրացական Netgazeti.ge-ն «Օդային տագնապ է հնչել, բնակիչները թաքնվել են նկուղներում». ինչ է կատարվում Ստեփանակերտում» վերնագրով տեղեկություն է հրապարակել` մեջբերելով լրագրող Մարութ Վանյանի գրառումն ու civilnet.am-ի հաղորդած տեղեկությունը։
Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «զանգվածային կրակոցների» մասին է հայտարարել, գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական բաժինը։
«Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է նաև Բաքվի հայտարարությունը, ըստ որի` «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները թիրախ չեն, շարքից դուրս են եկել միայն օրինական ռազմական թիրախները»։
Վերոնշյալ տեղեկությունը, թե Բաքվի թիրախը քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները չեն, գրում է նաև netgazeti.ge-ն, սակայն նաև հավելում է. «Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ արկերը հարվածել և վնասել են բնակելի շենքեր»։
Հատկանշական է նաև, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախում 2 զոհ կա, նրանցից մեկը երեխա է, իսկ 11 վիրավորներից ութը նույնպես երեխաներ են։
«Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, որը ներկայումս ադրբեջանական կողմի վերահսկողության տակ չէ։ Ըստ Բաքվի՝ ինքը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում։
Ստեփանակերտում [դե ֆակտո մայրաքաղաքում] պայթյուններ են հնչում, բնակիչները պաշտպանվելու նպատակով մտել են նկուղները», — գրում է netgazeti.ge-ն։
Imedi.ge-ն պարբերաբար թարմացումներ է հրապարակում ընթացիկ ռազմական իրադարձությունների հետ կապված, սակայն որպես նախապատմություն նշում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի` «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում տեղական հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացնում»։
«Պիրվելի արխին» նույնպես ներկայացնում է Արցախի օմբուդսմենի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։
Լրատվամիջոցը նշում է նաև, որ հայկական կողմը տեղեկություն է տարածել Ստեփանակերտում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծման մասին` կցելով հետևյալ հղումը։
«Մթավարի արխին» գրում է․ «Լեռնային Ղարաբաղում մարտերը վերսկսվել են»․
«Ադրբեջանը հայտարարել է հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Բաքվի պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջին ամիսներին լարվածության հետագա աճի պատճառ է դարձել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի սիստեմատիկ ռմբակոծությունները։ Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զինված ուժերի դիրքերը, նրանց կրակակետերը, ինչպես նաև զինամթերքն ու ռազմական օբյեկտները առաջնագծում և խորքում չեզզոքացվել են ճշգրիտ զենքի կիրառմամբ։
Մյուս կողմից, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունը, թե իբր Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը Ասկերանի շրջանում, կատարյալ սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմն ինքը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը նշված ուղղությամբ», — գրում է «Մթավարի արխին»-ն։
Interpressnews.ge-ն ևս պարբերաբար տեղեկություններ է հրապարակում` վկայակոչելով և՛ հայկական, և՛ ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ու լրահոսը։ Լրատվամիջոցը գրում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, որը սրվել է հատկապես վերջին ամիսներին, երբ Ադրբեջանը ճանապարհին ապօրինի անցակետ է տեղադրել: