Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) Արցախի պետական համալսարանի մասնակցությանը դեմ են Վրաստանի ներկայացուցիչները: Այս մասին «Ալիք մեդիային» հաղորդում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը:
ICPC-ի «Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային մրցույթներ 2019»-ը անց է կացվում նախկին ԽՍՀՄ-ի 4 քաղաքներում՝ Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում, Ալմաթիում և Բառնաուլում: Թբիլիսիում հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի թիմերն են մասնակցում: Վահրամ Դումանյանը հայաստանյան թիմերի կազմակերպիչն է:
«Պատմության մեջ առաջին անգամ Արցախը առանձին հանդես է եկել և պետք է մասնակցի մցույթին», — ասում է Վահրամ Դումանյանը:
Մրցույթի մեկնարկից առաջ Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի, ինֆորմատիկայի ինժեներական աստիճան ունեցող պրոֆեսոր, ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուան հայտարարել է, որ Արցախի համալսարանի թիմը իրավունք չունի մասնակցելու մրցույթին:
Վահրամ Դումանյանը ասում է, որ կապ է հաստատել հիմնական ղեկավարության հետ, ինչին ի պատասխան ղեկավարությունից իրեն ասել են, որ վրացական թիմի ղեկավարը նման իրավասություն չուներ և դա անօրինական է, սակայն դրանից հետո էլ, միևնույնն է, Զարքուան չի փոխել իր որոշումը: Պետերբուրգից նաև չեն թույլատրել հանել Արցախի համալսարանի անունը ցուցակից, ինչը պահանջում էր վրացական թիմի ներկայացուցիչը:
«Նա (Զարքուան) նույնիսկ ասաց, որ ցուցակից պետք է հանվի Արցախի պետական համալսարանի անունը», — ասում է պրոֆեսոր Դումանյանը՝ հավելելով, որ Զարքուայի վրա ճնշումներ են եղել:
Նշանակալի է այն փաստը, որ Արցախի պետական համալսարանի թիմը մրցույթի պաշտոնական անդամ է և Երևանում հաղթահարել է քառորդ եզրափակիչ փուլը: Թիմը հենց իր՝ Թեմուր Զարքուայի կողմից է հրավիրված եղել թբիլիսյան փուլին մասնակցելու:
Մինչ այս պահը մեզ չի հաջողվել կապ հաստատել Թեմուր Զարքուայի հետ: Վրացական կողմից մեկնաբանություն ստանալուն պես կհաղորդենք: