Ոստիկանության Թբիլիսիի քննչական բաժինը նոյեմբերի 12-ին Հանրային պաշտպանի գրասենյակում «Վրացական քայլերթ» կազմակերպության առաջնորդ Ալեքսանդր (Սանդրո) Բրեգաձեի գործողությունների վերաբերյալ հետաքննություն է սկսել:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի առաջին մասով՝ անձի օրինական գործունեության խոչընդոտում։
«Վրացական քայլերթ»-ի առաջնորդ Սանդրո Բրեգաձեն ասում է, որ մարդու իրավունքների պաշտպանը քայլերթն անվանել է բռնի խմբավորում, ինչի համար պետք է ներողություն խնդրի: Հակառակ դեպքում, Օմբուդսմենին «երկրային դժոխք ցույց կտա»:
Սանդրո Բրեգաձեն սպառնացել է, որ այս շաբաթվա ընթացքում հազարավոր համակիրների հետ նորից հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գրասենյակ կայցելի՝ «քաղաքական աղբի վրա նրա տեղը ցույց տալու»: Բրեգաձեն վստահեցնում է, որ ինքը պաշտոնից կազատի Լոմջարիային: