«Վրացական քայլերթ» ազգայնական կուսակցությունը «նախազգուշական» բողոքի ակցիա է անցկացրել Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ` Ադրբեջանի իշխանություններին վերջնագիր ներկայացնելով:
«Քայլերթի» 50-ից ավելի ներկայացուցիչներ «Գարեջին Վրաստան է» և «Կեցցե Վրաստանը» վանկարկումներով երթ են անցկացրել, որից հետո «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն կոչ է արել հարևան Ադրբեջանին` Դավիթ Գարեջիի հետ կապված կայացնել «ընկերական որոշում»։
«Մենք Ադրբեջանի իշխանություններին 10-օրյա վերջնագիր ենք ներկայացնում. Կարծում ենք` Ադրբեջանը մեր ընկեր երկիրն է, ու որպես ընկեր` նա դուրս կբերի իր զինված կազմավորումները` մեր սուրբ տարածքներից », — ասել է Բրեգաձեն:
Վերջնագրի չկատարման դեպքում «Վրացական քայլերթը» սպառնում է «խաղաղ» զբաղեցնել վիճելի տարածքը: Բրեգաձեն վստահ է` Դավիթ Գարեջին «վաճառվել է»` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և 2008-2012թթ. Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից:
«Վրացական քայլերթը» տարբեր ծայրահեղական խմբերի միավորում է , ստեղծվել է 4 տարի առաջ: Հայտնի է մի շարք աղմկոտ ակցիաներով: Նրանց հիմնական գործունեությունը «միասեռականության քարոզի» հակազդումն է, միջազգային հասարակական կազմակերպությունների ու գաղթյալների երկրից «վտարումը»:
Մեկ ամիս առաջ այն վերակազմավորվել է՝ որպես կուսակցություն: Բրեգաձեն նպատակ ուներ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց վերջերս հայտնեց, որ հանում է թեկնածությունը` «Հայրենասերների դաշինքի» թեկնածուի օգտին:
Կարդացեք նաև`
Սաակաշվիլին չի մարսելու. ազգայնականնները պահանջում են ընտրություններից հանել ՄԱՇ-ին