Եվրախորհրդարանի պատգամավոր Տեիս Ռեյտենը արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությանը Հունգարիայում նախատեսվող Պահպանողականների միջազգային համաժողովին (CPAC):
«Վրացական իշխանությունները պարզապես վիրավորում են երկրի եվրոպամետ մեծամասնությանը։ «Վրացական երազանքը» ԵՄ թեկնածուի կարգավիճակի ուղղությամբ աշխատելու փոխարեն գերադասում է հարաբերությունները Պուտինի ընկեր Վիկտոր Օրբանի և մարդու իրավունքների մյուս հակառակորդների հետ»,- գրել է Եվրախորհրդարանականը Twitter-ում։
Նշենք, որ մայիսի 4-5-ը Հունգարիայում նախատեսված պահպանողականների միջազգային համաժողովի բանախոսների թվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Հարկ է նշել, որ «Վրացական երազանք»-ը Եվրոպական սոցիալիստական կուսակցության (PES) դիտորդ անդամ է, որը Եվրախորհրդարանում ներկայացված է Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական դաշինքում (S&D):
Ի դեպ, CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»: