Վրացական գինին հասանելի կլինի Քաթարի հինգաստղանի հյուրանոցներում։ Այս մասին հայտնում է Քաթարում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Ռևազիշվիլին։
Հատկանշական է, որ այս տարի Վրաստանից Քաթար առաջին անգամ վրացական գինի է արտահանվել։ Ռևազիշվիլիի խոսքով՝ վրացական գինու արտահանումը հնարավոր է դարձել Qatar Distribution ընկերության օգնությամբ, որն ունի երկիր ալկոհոլային խմիչքներ ներմուծելու բացառիկ արտոնագիր։
«Քաթարում ալկոհոլի օգտագործումը թույլատրվում է միայն հինգաստղանի հյուրանոցներում։ Բացի այդ, միակ լիցենզավորված ընկերությունը Qatar Distribution Company-ն է, որը պատկանում է Qatar Airways-ին։ Մենք տևական ժամանակ աշխատում ենք Qatar Airways-ի և Distribution Company-իի հետ՝ Քաթար վրացական գինի ներմուծելու նպատակով։ Ի վերջո, բանակցությունները հաջողությամբ պսակվեցին և այս ամսվանից վրացական գինին առկա կլինի բարձրակարգ հյուրանոցներում»,- ասել է Ռևազիշվիլին։
Քաթարում Վրաստանի դեսպանը նաև հավելել է, որ այդ երկրում կա վրացական մեղրի, չրերի, հյութերի, ոչխարի մսի պահանջարկ։