Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և պաշտոնական Մոսկվայի արած հայտարարությունները վերջին շրջանում նույն ենթատեքստն ունեն:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է. «Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդան» իրականացնել»: Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ մասին Գալուզինն ասել է Կրեմլի կողմից վերահսկվող «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Վրաստանում իրավիճակը լարելու արևմտյան երկրների փորձերը մենք տեսնում ենք հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- հավելել է Գալուզինը:
Ուշագրավ է նաև, որ «գործակալների օրենքի» վերսկսումից հետո Վրաստանի կառավարության (1, 2), ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները խոսել են Վրաստանում «մայդանի սցենարի» և իշխանությունը տապալելու սպառնալիքի մասին։ Պետանվտանգության ծառայությունը նմանատիպ հայտարարություն էր արել նաև անցյալ տարվա սեպտեմբերին։
Գալուզինի խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրներն «անամոթաբար ճնշում են գործադրում շատ ինքնիշխան պետությունների վրա»։ Ըստ նրա՝ Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունմանը զուգահեռ, «Բրյուսելից և Վաշինգտոնից հնչում են ժողովրդավարությունը խարխլելու, օրենքի՝ եվրոպական և եվրատլանտյան արժեքների հետ անհամատեղելիության կեղծ մեղադրանքներ, ինչպես նաև պատժամիջոցների և վիզային ազատականացման ռեժիմի չեղարկման սպառնալիքներ»: Նա նաև ասել է, թե «Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարների՝ Թբիլիսիի փողոցներում ընթացող երթին միանալն անկախ պետության ներքին գործերին կոպիտ միջամտություն է»:
Վրաստանի կառավարությունը «գործակալների օրենքի» ընդունման անհրաժեշտությունը բացատրում է «երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու փաստարկով»։
Ընդգծենք. Վրաստանի տարածքի 20 տոկոսը՝ Հարավային Օսիան և Աբխազիան, օկուպացրել է Ռուսաստանը: