«Վրացական երազանք»-ի խոստումները սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 12 տարի իշխանության ղեկին մնալուց հետո չորս պատճառ է ներկայացրել, թե ինչու է ցանկանում առաջիկա չորս տարիներին սահմանադրական մեծամասնություն դառնալ։

«Եթե «Վրացական երազանք»-ը խորհրդարանական մեծամասնություն ապահովի, ապա 4-ամյա կարճաժամկետ խնդիրը հաջողությամբ կավարտվի, Վրաստանում կհաղթեն խաղաղությունը, ավանդական արժեքները և պետական ​​ինքնիշխանության գաղափարը»,- ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ։

«Վրացական երազանք»-ի նշած առաջին խնդիրն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հակասահմանադրական ճանաչելն է:

Իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք»-ը կարծում է, որ երկրում քաղաքական համակարգի բարելավումն «անհնար է առանց հավաքական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հեռացնելու»։

«Երբ նույն քաղաքական ուժը երեք ժամկետից ավելի է իշխանությունը պահում, դա ստվեր է գցում ժողովրդավարական գործընթացի վրա։ Առողջ ժողովրդավարական համակարգում միմյանցից լավ քաղաքական ուժերը պետք է պարբերաբար փոխարինեն իրար իշխանության մեջ, ինչն այսօրվա իրավիճակում անհնար է։ Վրաստանում լիիրավ ընտրություններ կանցկացվեն միայն այն բանից հետո, երբ հավաքական «Ազգային շարժում»-ը կփոխարինվի քաղաքական համակարգում առողջ ընդդիմադիր ուժերով»,- ասված է հայտարարության մեջ:

«Վրացական երազանք»-ի նշած երկրորդ խնդիրը ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրենքն է:

«Վրացական երազանք»-ն ընտրողներին «կպաշտպանի արժանապատվության, բարոյականության և ցանկացած ինքնության ամբողջական ոչնչացման սպառնալիքից»։

«Վրացական երազանք»-ի նշած երրորդ խնդիրը տարածքային ամբողջականության վերականգնումն է։

Երկրի ազգային կարևորագույն խնդիրներից մեկը՝ տարածքային ամբողջականության վերականգնումը, երրորդ խնդիրն է, ինչի համար էլ «Վրացական երազանք»-ը ցանկանում է ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալ:

«Վրաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխել Վրաստանի Սահմանադրությունը, որպեսզի Վրաստանի կառավարման համակարգը և տարածքային պետական ​​դասավորությունը համապատասխանեն նոր իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ։

«Վրացական երազանք»-ի նշած չորրորդ խնդիրը հստակեցված չէ։

«Կա ևս մեկ՝ չորրորդ խնդիր, որի կարգավորումը կարող է մեծ նշանակություն ունենալ Վրաստանի ինքնության և ազգային արժեքների պաշտպանության համար, սակայն այս հարցի շուրջ խորհրդակցությունները դեռ շարունակվում են, և դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք մինչև ամսվա վերջ»,- ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, հաջորդ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսի շեմով։ Մինչ այս փուլը կատարված ուսումնասիրություններից ոչ մեկը չի հաստատում, որ «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն է ապահովելու։

Նշենք, որ վերջին շրջանում «Վրացական երազանք»-ը մի շարք հակաժողովրդավարական օրենքներ է ընդունել, այդ թվում՝ «գործակալների օրենք»-ը, որը Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն և ԵՄ-ն բազմիցս քննադատել են՝ նշելով, որ այս օրենքն անհամատեղելի է Վրաստանի եվրատլանտյան նկրտումների հետ, ավելին՝ երկիրը հեռացնում է ժողովրդավարական աշխարհից: