Հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրատուների կեսից ավելին գինեգործական կամ ոգելից խմիչք արտադրող այլ ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք են, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցում:
ՀԿ-ի պնդմամբ՝ «Վրացական երազանքի» 51 նվիրատուներից 28-ը գինեգործներ են: Իշխող թիմի 1,2 միլիոն նվիրատվությունների 71 տոկոսը հենց գինեգործների գումարներն են:
TI-ի տեղեկատվության համաձայն, այս ընկերությունների մի զգալի մասը տարիներ շարունակ պետությունից ստանում է տարբեր տեսակի սուբսիդիաներ, արտոնյալ վարկեր կամ պետական գնումների պայմանագրեր։ Որոշ նվիրատվություններ կասկածներ են առաջացնում, որ դրանք կատարվել են ֆիկտիվ դոնորների միջոցով, ինչը օրենքի խախտում է։
Ըստ ՀԿ-ի զեկույցի՝ 2023 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բոլոր կուսակցություններն ընդհանուր առմամբ ստացել են 1 մլն 901 հազար 299 լարիի նվիրատվություն, ինչը չորս անգամ գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը՝ 453 հազար 336 լարին: Կուսակցությունների ստացած նվիրատվությունները հետևյալն են.
- «Վրացական երազանքը» ստացել է կուսակցական նվիրատվությունների 65 տոկոսը՝ 1 մլն 238 հազար լարի,
- «Միացյալ ազգային շարժումը»՝ 274 հազար 677 լարի,
- «Լելոն»՝ 186 հազար 020 լարի,
- «Սերունդները Վրաստանի համար»՝ 180 հազար լարի:
Նվիրատուների քանակով առաջատարը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» է, որին հաշվետու ժամանակահատվածում ստացել է 55 նվիրատվություն, «Վրացական երազանքը» ստացել է 51 նվիրատվություն: