«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ կուսակցության բոլոր 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուների անունները հայտնի կդառնան հուլիսի կեսերին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Կոբախիձեն՝ այժմ ակտիվորեն ընթանում են նախընտրական ծրագրի շուրջ աշխատանքները:
«Մենք կներկայացնենք շատ մանրամասն նախընտրական ծրագիր, որը հավանաբար պատրաստ կլինի հուլիսի վերջին: Ծրագրի մեջ ընդգրկվում են պետական և հանրային զարգացման բոլոր ուղղությունները, որոնք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, տնտեսությունը, սոցիալական հարցերը, արտաքին քաղաքականությունը և այլն»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ շրջաններում իշխող կուսակցությունը նախատեսում է մինչև հուլիսի կեսը հայտարարել բոլոր 30 մեծամասնական պատգամավորության թեկնածուների անունները, ինչից հետո իշխող թիմը ամբողջապես կանցնի նախընտրական պատրաստության:
Հիշեցնենք՝ Վրաստանի սահմանադրական փոփոխություններից հետո աշնանը կայանալիք ընտրություններին կընտրվի 30 մեծամասնական պատգամավոր՝ նախկին 73-ի փոխարեն: