«Վրացական երազանքի» կառավարության չճանաչման ակտն այսօր կներկայացվի Կոնգրեսին

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին այսօր կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է հրաժարվել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա կողմնակիցների կառավարության ճանաչումից, Վրաստանի օրինական ղեկավար ճանաչել Սալոմե Զուրաբիշվիլիին՝ պահանջելով նոր ընտրություններ: Տեղեկությունը հայտնել է ամերիկյան FOX News լրատվականը:

«Իվանիշվիլիի ռեժիմի կողմից վրաց ժողովրդի դեմ շարունակվող հանցագործությունների պատճառով Վաշինգտոնը չպետք է ճանաչի կամ կարգավորի հարաբերությունները վրացական որևէ կառավարության հետ, որը գլխավորում է Բիձինա Իվանիշվիլին կամ նրա որևէ դաշնակից», — գրված է «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ում, որի հեղինակներն են Հարավային Կարոլինայի հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը և Թենեսի նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոհենը։

Փաստաթուղթն արգելում է ԱՄՆ կառավարությանը «որևէ գործողություն ձեռնարկել կամ դաշնային միջոցներ հատկացնել, ինչը կճանաչի Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը»:

Բացի այդ, օրինագիծը Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչում է որպես «Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդ», իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները որակում է «կեղծված»։

Ներկայում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, որը քննադատում է «Վրացական երազանք»-ին, իսկ համանախագահը դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն է, որ հայտնի է նաև Վրաստանում ժողովրդավարության անկման վերաբերյալ իր քննադատական ​​հայտարարություններով։

Օրինագծի հաստատման համար կպահանջվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ապա՝ Սենատի հավանությունը: Հաջորդ փուլում այն ​​պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։ Հունվարի 20-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը։

Օրինագիծը, եթե ընդունվի, իրավական ուժ կունենա, հետևաբար, կդառնա ԱՄՆ կառավարության քաղաքականություն:

Ի դեպ, կոնգրեսական Վիլսոնը հունվարի 5-ին X-ում գրել էր, որ «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ը պատրաստ է ներկայացվելու Կոնգրեսում։

Նախօրեին՝ հունվարի 4-ին, Վիլսոնը X-ում գրել էր՝ 119-րդ Կոնգրեսում կրկին ներկայացրել է MEGOBARI Act-ը կոնգրեսականներ Սթիվ Քոհենի, Ռիչարդ Հադսոնի և Մարկ Վեսիի հետ: MEGOBARI Act-ը մշակված է միաժամանակ երկու սցենարի համար. եթե երկիրը վերադառնա եվրաինտեգրման ուղի, ապա կտրամադրվի ռազմական օգնություն, տնտեսական հարաբերությունների խորացում, հակառակ դեպքում՝ էլ ավելի խիստ պատժամիջոցներ է խոստանում։